ՀՀ նախագահական ընտրություններին հետևելու են «Ընտրությունը քոնն է» կազմակերպության ավելի քան չորս հազար դիտորդներ
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություներին հետևելու են «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության 4010 դիտորդներ, երկուշաբթի Երևանում լրագրողներին տեղեկացրեց կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը։
«Մեր կազմակերպության կամավորներն արդեն հետևում են նախագահի բոլոր թեկնածուների քարոզարշավին»,- ասաց նա։
Համբարձումյանի խոսքերով, նախընտրական արշավի մեկնարկի սկզբից յուրաքանչյուր տաս օրը մեկ դիտորդները ներկայացնում են իրենց դիտողությունները և եզրակացությունները։
Այսպես, մոնիտորինգի արդյունքում դիտորդները եկել են այն եզրակացության, որ քարոզարշավի առաջին տասը օրերի ընթացքում Հայաստանում «նկատվում է անհանդուրժողականության մթնոլորտի սրացման միտում»։
«Նախագահի թեկնածուները քննադատում են միմյանց, ինչն անդրադառնում է ժողովրդի մոտ անորոշության զգացման ձևավորման վրա։ Ստեղծված իրադրության արդյունքում քաղաքացիների համար շատ բարդ է կողմնորոշվել, թե որ թեկնածուին են ընտրելու»,- ավելացրեց նա։
«Առայժմ կան որոշ անճշտություններ, թեկնածուներն օգտագործում են վարչական ներուժը»,- ավելացրեց Համբարձումյանը։ Դրա հետ մեկտեղ ՀԿ նախագահը նաև նշեց դիտորդների կողմից վեր հանված մի շարք անճշտություններ։
Այս համատեքստում նա նշեց ընտրացուցակների թերի լինելը, որոնցում հայտնաբերվել են մահացած մարդկանց անուններ։ «Բոլոր այս անճշտությունները մենք կներկայացնենք Հայաստանի Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն»,- ամփոփեց նա։
«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը ընտրությունների մոնիտորինգի բնագավառում գործում է 1996 թվականից։ Դրա առաքելությունն է՝ աջակցել թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը, ապահովել քաղաքացիների մասնակցությունը համայնքների կառավարման գործընթացներում և օբյեկտիվ տեղեկատվություն մատուցել Հայաստանի ընտրողներին։
Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան փետրվարի 19-ին։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է բոլոր ինը թեկնածուներին, որոնք հանձնել են իրենց փաստաթղթերը՝ հանրապետության ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար։
Հունվարի 21-ին պաշտոնապես մեկնարկել է նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը, որը տևելու է մինչև փետրվարի 17-ը։--0—

