Երևանում գնդակոծվել են նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի երկու շտաբ
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Երևանում գնդակոծվել են նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի երկու շտաբ, «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։
«Անհայտ անձինք երկու կրակոց են արձակել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ուղղությամբ, որը գտնվում է Նոր-Նորքի 5-րդ զանգվածում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ այդ մասին ոստիկանությանը հայտնել է Սարգսյանի շտաբի պատասխանատու Սերյոժա Ալեքսանյանը։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը, տեղական ժամանակով 02։00-ի մոտերքում, անհայտ անձինք կրակել են շենքի վրա՝ կոտրելով ապակիները։
Տեղազննման արդյունքում հայտնաբերվել է հրացանի պարկուճի մեջ գնդակներ ամրացնող պոլիէթիլենային երկու ամրիչ։
Դատախազության լրատվական ծառայությունից հաղորդեցին, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։
Նոր-Նորքում գտնվող երկրորդ շտաբի կրակոցների մասին տեղեկությունը նույնպես հաղորդել է Ալեքսանյանը։ Երկրորդ դեպքում կրակոցներից տուժել է վարսավիրանոցը, որը գտնվում է Սարգսյանի շտաբի շենքում։
Նոր-Նորքի քննչական բաժնի կողմից երկու դեպքերի փաստով էլ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով («Խուլիգանություն՝ կատարված զենքի կիրառմամբ կամ որպես զենք օգտագործվող առարկաների միջոցով»)։--0—

