Հայաստանը ադրբեջանցի ռազմագերուն ազատել է գերությունից
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանն ադրբեջանցի ռազմագերի Սամիր Նազիմ օղլի Մամեդովին ազատել է գերությունից։
«2008 թվականի հունվարի վերջին, մի շարք միջազգային կազմակերպությունների միջնորդությամբ և աջակցությամբ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հաստատությունից ազատել և եվրոպական երկրներից մեկն է ուղարկել ադրբեջանցի ռազմագերի Սամիր Նազիմ օղլի Մամեդովին»,- ուրբաթ «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության լրատվական ծառայությունից։
Մամեդովը ծնվել է 1987 թվականին, Կիրովաբադ քաղաքում (Ադրբեջանում)։ Նա մեծացել է մանկատանը և զուրկ է եղել ծնողական գորովանքից։
2006թ. դեկտեմբերի 24-ին նա լքել է ադրբեջանական բանակի իր զորամասը և առանց զենքի և փաստաթղթերի անցել է հայ-ադրբեջանական սահմանը՝ Իջևանի կողմից։
«Գերության հանձնվելուց հետո, Մամեդովը բազմիցս հրաժարվել է վերադառնալ Ադրբեջան։ Միջազգային կազմակերպությունների հետ համատեղ, որոնց ներկայացուցիչները պարբերաբար այցելում էին ռազմագերուն, քննարկվում էին նաև այլ տարբերակներ, որի արդյունքում Սամիր Մամեդովը, որպես փախստական մեկնելու է եվրոպական երկրներից մեկը»,- նշեց գործակալության աղբյուրը։
Բացի այդ, նա տեղեկացրեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նույնպես պարբերաբար և առանց արգելքների այցելում էին Մամեդովին, կատարում էին անհրաժեշտ բոլոր միջոցառումները։
Սամիր Նազիմ օղլի Մամեդովը Հայաստանը լքել է միանգամայն առողջ վիճակում։--0—