Նախագահի թեկնածուն արդեն պատրաստել է բոլոր փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանում Ընտրական օրենսգիրքը բողոքարկելու համար

01.02.2008, 15:15
Նախագահի թեկնածուն արդեն պատրաստել է բոլոր փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանում Ընտրական օրենսգիրքը բողոքարկելու համար
Նախագահի թեկնածուն արդեն պատրաստել է բոլոր փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանում Ընտրական օրենսգիրքը բողոքարկելու համար

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Սահմանադրական դատարանում Հայաստանի սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների ընտրական իրավունքները բողոքարկելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ են, հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը։

«Մեր համաքաղաքացիները, որոնք այսօր Հայաստանում չեն գտնվում, պետք է իրենց նախագահին ընտրելու իրավունք ունենան, և ես պատրաստ եմ անել հնարավոր ամեն բան՝ արդարությունը վերականգնելու համար»,- ուրբաթ լրագրողներին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Նրա խոսքերով, քաղաքացիների սահմանադրական իրավունքների նման խախտումը ոչ միայն քաղաքացու իրավունքի կոպիտ ոտնահարում է, այլև պայմաններ է ստեղծում հնարավոր կեղծումների համար։

«Բացի այդ, իմ փաստաբանները իրավասու են իմ անունից դիմել Մարդու իրավունքի պաշտպանին՝ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար»,- ավելացրեց նա։

Մելիքյանը նշեց, որ միայն Ռուսաստանում և ԱՄՆ-ում բնակվում է ավելի քան կես միլիոն մարդ, որոնք պետք է ընտրությունների օրը քվեարկելու իրավունք ունենան։

«Գլխավորը՝ քաղաքացիների համար բոլոր պայմաններն ապահովելու ցանկությունն է, իսկ տեխնիկական առումով դրանք կարելի է ստեղծել 3-4 օրվա ընթացքում»,- նշեց նա։

Նախագահի թեկնածուն կարծում է, որ արտասահմանում գտնվող քաղաքացիներին ընտրելու իրավունքից զրկելով՝ իշխանությունները նշանակալիորեն նվազեցնում են նախագահական ընտրություններին հաղթելու իր հնարավորությունը։

 «Ես կարծում եմ, որ Ընտրական օրենսգրքում կատարված նման փոփոխությունները նվազեցնում են հաղթելու իմ հնարավորությունները»,-ասաց նա՝ ավելացնելով, որ անկախ ընտրությունների արդյունքներից, ինքը շարունակելու է պայքարել Հայաստանի քաղաքացիների իրավունքները վերականգնելու ուղղությամբ։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան փետրվարի 19-ին։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է բոլոր ինը թեկնածուներին, որոնք հանձնել են իրենց փաստաթղթերը՝ հանրապետության ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար

Հունվարի 21-ին պաշտոնապես մեկնարկեց թեկնածուների նախընտրական քարոզարշավը, որը տևելու է մինչև փետրվարի 17-ը։--0—