Հայաստանում անհրաժեշտ է բարձրացնել քաղաքացիական ազատությունների մակարդակը. Մարդու իրավունքների պաշտպան

01.02.2008, 14:16
Հայաստանում անհրաժեշտ է բարձրացնել քաղաքացիական ազատությունների մակարդակը. Մարդու իրավունքների պաշտպան

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Այսօր Հայաստանում հիմնական խնդիրներից մեկը պետք է դառնա քաղաքացիական ազատությունների ներկայիս մակարդակի գնահատումն ու հիմնախնդիրների լուծումը։ Այս մասին ուրբաթ Երևանում լրագրողներին հայտարարեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։

«Հետխորհրդային պետությունների թվում Հայաստանն այն երկիրն է, որը քաղաքացիական իրավունքների և ազատությունների առումով դեռևս չի հասել պատշաճ մակարդակի»,- ասաց նա։

Նա նշեց, որ այսօր սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների հետ մեկտեղ առաջին պլան է մղվում քաղաքացիական իրավունքների և ազատությունների երաշխավորվածությունը և լիարժեք պաշտպանվածությունը, ինչը կապահովի հասարակական մոնիտորինգ  իշխանությունների նկատմամբ, հակակշիռների ու զսպումների համակարգ, խոսքի ազատություն, արդար դատաքննություն, ինչպես նաև իրական շուկայական հարաբերություններ, այլ ոչ մենաշնորհներ։

«Միայն այս դեպքում կզարգանան սոցիալական և տնտեսական համակարգերը, և մարդիկ հնարավորություն կստանան ազատ իրականացնել իրենց ստեղծագործական ներուժը»,-ընդգծեց նա։

Հարությունյանի խոսքերով, սոցիալ-տնտեսական իրավունքները լիարժեք երաշխավորված և պաշտպանված են ոչ թե ռեսուրսներով հարուստ երկրներում, այլ այն երկրներում, որտեղ երաշխավորված են քաղաքացիական  ազատությունները։--0—