Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում բացվել է թեժ գիծ՝ նախագահական ընտրությունների ընթացքում խախտումների վերաբերյալ բողոքների ընդունման համար

01.02.2008, 13:10
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում բացվել է թեժ գիծ՝ նախագահական ընտրությունների ընթացքում խախտումների վերաբերյալ բողոքների ընդունման համար
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում բացվել է թեժ գիծ՝ նախագահական ընտրությունների ընթացքում խախտումների վերաբերյալ բողոքների ընդունման համար

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/.Երևանում՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում բացվել է թեժ գիծ՝ նախագահական ընտրությունների ընթացքում բացահայտված խախտումների վերաբերյալ բողոքների ընդունման համար։

«Ընտրական գործընթացներում մարդու իրավունքների խախտումներին վերաբերող բողոքներով ընտրողները, վստահված անձինք, դիտորդները, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված բոլոր անձինք կարող են դիմել Մարդու իրավունքների պաշտպանին հետևյալ հեռախոսահամարներով՝ 537651, 539271, 538831, 537634, 5385 77, 091008817, 091280206, ինչպես նաև [email protected] էլ. փոստով», - ուրբաթ Երևանում լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։

Նա նաև նշեց, որ փետրվարի 19-ի առավոտյան ժամը 7.00-ից մինչև փետրվարի 20-ի ժամը 9.00-ն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում սահմանվելու է հերթապահություն։

Բացի այդ Հարությունյանը տեղեկացրեց, որ Մարդու իրավունքի պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մտադիր են հնարավորինս մասնակցել զանգվածային հրապարակային միջոցառումներին՝ անմիջական տեղեկատվություն ստանալու նպատակով։

Հարությունյանը կարևորեց ընտրակեղծիքների, հատկապես ընտրակաշառքների դեմ պայքարը՝ ընդգծելով, որ ընտրությունները պետք է հիմնված լինեն գաղափարական հենքի վրա, որպեսզի հիմք հանդիսանան ժողովրդավարության համար, որում մարդու իրավունքները բարձրագույն արժեք են։

«Ընտրողների ձայները գնող քաղաքական ուժը որևէ բարոյական պարտավորվածություն չի կրի ժողովրդի առջև, շահագրգռված չի լինի հանրապետությունում սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու մեջ և երբեք չի նպաստի քաղաքացիական ազատությունների ռեալ երաշխավորված լինելուն», - հայտարարեց նա։ Միաժամանակ Հարությունյանը ավելացրեց, որ եթե ընտրությունները հիմնվեն ոչ թե գաղափարների, այլ ընտրակաշառքների վրա, ապա երկրում ձևավորվի մի համակարգ, որում անիմաստ է խոսել մարդու իրավունքների մասին։

«Մեր քաղաքացիները պետք է տեր կանգնեն իրենց ձայներին, իրենց ընտրական իրավունքներին։ Միայն այդ դեպքում երաշխավորված կլինեն իրենց մյուս բոլոր իրավունքները», - եզրափակեց Հարությունյանը։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան փետրվարի 19-ին։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է բոլոր ինը թեկնածուներին, որոնք հանձնել են իրենց փաստաթղթերը՝ հանրապետության ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար։--0—