Հայաստանի մարզերի բնակիչների 75 տոկոսը մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին. սոցհարցում
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մարզերի բնակիչների 75 տոկոսը մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտարարեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։
Միաժամանակ սոցիոլոգը նշեց, որ հարցվածների 20 տոկոսը չի հետաքրքրվում նախընտրական գործընթացով, ինչպես նաև երկրում տիրող սոցիալ-տնտեսական դրությամբ։
Դրա հետ մեկտեղ, նրա խոսքերով, հարցվածների 5 տոկոսը հայտարարել են, որ մտադիր չեն մասնակցել նախագահական ընտրություններին, քանի որ չեն հավատում, որ արդյունքը լինելու է ազնիվ և արդար։
«Սակայն բնակչության մասնակցության ակտիվությունը կարող է վերջին պահին փոխվել, և ողջ երկրում ընտրություններին կարող է մասնակցել ընտրողների 65-70 տոկոսը»,- ասաց Ադիբեկյանը։
Ինչպես ընդգծեց սոցիոլոգը, այս հարցումները պատրաստվում են նախագահի թեկնածուների նախընտրական շտաբների համար, և հենց դրանց հիման վրա են նրանք ստուգում ձեռնարկված քայլերի հստակությունը և ուղղում իրենց հետագա գործողությունները։
Միաժամանակ նա տեղեկացրեց, որ այս սոցհարցումը երկու պատվիրատու ունի, որոնցից մեկը ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբն է, մյուսը՝ ընդդիմադիր թեկնածուներից մեկի շտաբը, որի անունը նա հրաժարվեց հրապարակել։
Հունվարի 26-27-ն անցկացված սոցհարցմանը մասնակցել են 2240 մարդիկ՝ Հայաստանի բոլոր մարզերի 60 բնակավայրերից։ Հետագայում կենտրոնը մտադիր է ներկայացնել Երևանի բնակիչների հարցումների արդյունքները, որից հետո էլ՝ հանրապետության ընդհանուր հարցման արդյունքները։
Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան փետրվարի 19-ին։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է բոլոր ինը թեկնածուներին, որոնք հանձնել են իրենց փաստաթղթերը՝ հանրապետության ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար։--0—