ՀՀ ԱԳ նախարարը կարևորում է ԵԽԽՎ դիտորդական առաքելության գործունեությունը
ՀՀ ԱԳ նախարարը կարևորում է Եվրոպայի խորհրդի խորհդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության գործունեությունը նախագահական ընտրությունների շրջանում։
Այս մասին Օսկանյանը հայտարարել է Հայաստանում նախագահական ընտրությունների դիտարկման ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելության անդամների հետ հանդիպման ժամանակ. առաքելությունը գլխավորում է ԵԽԽՎ փոխնախագահ Ջոն Պրեսկոտը (John Prescott)։
«ՀՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ միջազգային դիտորդական առաքելությունների` առաջիկա ընտրությունների արդյունքով տրվելիք գնահատականներն առաջընթաց կարձանագրեն` նպաստելով ժողովրդավարության զարգացմանը Հայաստանում», - հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նախագահական ընտրությունների նախապատրաստման ընթացքի մասին։
Դիտորդները ներկայացրել են իրենց տպավորությունները ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, նախագահական թեկնածուների և հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումներից:-0-

