ՀՀ պաշտպանության նախարարը և Կանադայի պատվավոր դեսպանը քննարկել են երկրի ԶՈւ բարեփոխման գործընթացը

30.01.2008, 18:14
ՀՀ պաշտպանության նախարարը և Կանադայի պատվավոր դեսպանը քննարկել են  երկրի ԶՈւ բարեփոխման գործընթացը

ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, Հայաստանում Կանադայի պատվավոր դեսպան Արտաշես Էմինը և Հայաստանում Կանադայի ռազմական կցորդ Միշել Մարկոսը քննարկել են  երկրի ԶՈւ բարեփոխման գործընթացը։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հատուկ քաղաքացիական ծառայության ներդրման, քաղաքացիական վերահսկման և Զինված ուժերի քաղաքական հարցերին չմիջամտելուն վերաբերող հարցեր։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Կանադայի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտների միջև համագործակցության և տեղեկատվության փոխանակման սկիզբը։
  
Քննարկելով ղարաբաղյան հիմնահարցը՝ զրուցակիցները կարևորել են խնդրի խաղաղ կարգավորումը։ Քննարկման վերջում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին։
 
Նոյեմբերի 28-ին Հայաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ հավանություն է տվել «Հատուկ քաղաքացիական ծառայության մասին» օրենքին։ Հատուկ քաղաքացիական ծառայությունը պետծառայության առանձին տեսակ է և կախված չէ քաղաքական տեղափոխումներից։ Հայաստանի ԶՈւ-ում քաղաքացիական ծառայողների նոր ինստիտուտի ներդրումը կբարձրացնի Զինված ուժերում թափանցիկության մակարդակը։—0—