ՀՀ նախագահը հայ-իրանական հարաբերությունները գնահատել է որպես փայլուն
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայ-իրանական երկկողմ համագործակցությունը, հատկապես վերջին տարիներին, արդյունավետ ընթացք է ունեցել և բոլոր ուղղություններով դինամիկ զարգացում է ապրում, հայտարարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդունելով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանի հավատարմագրերը:
Դիվանագետին շնորհավորելով պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախագահ Քոչարյանը հայ-իրանական հարաբերությունները գնահատել է փայլուն և ասել, որ նորանշանակ դեսպանն այդ առումով շատ լավ ժառանգություն է ստացել:
«Ընդգծելով Իրանի հետ երկկողմ կապերն առավել ամրապնդելու ու խորացնելու Հայաստանի վճռականությունը` երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ համագործակցության նոր նախանշված ծրագրերը ևս հաջողությամբ կիրագործվեն»,- «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից:
Իր հերթին Իրանի դեսպանը Ռոբերտ Քոչարյանին հաղորդել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ջերմ ողջույնները:
Դիվանագետը նույնպես գոհունակություն է հայտնել Հայաստանի և Իրանի ակտիվ համագործակցության առթիվ և նշել, որ այն վերընթաց զարգացում է ապրել հատկապես նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության տարիներին:
Նա վստահեցրել է, որ ջանք չի խնայի երկկողմ կապերն ընդլայնելու և դրանք առավել բովանդակային դարձնելու համար: -0-

