Հայաստանում անհրաժեշտ է ամառային համալսարաններ կազմակերպել Գերմանիայի ուսանողների համար. DAAD ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում անհրաժեշտ է ամառային համալսարաններ կազմակերպել Գերմանիայի ուսանողների համար, երեքշաբթի հայտարարեց Ակադեմիական փոխանակումների գերմանական ծառայության (DAAD) ղեկավար Բենեդիկտո Բրիշը՝ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանի հետ հանդիպման ժամանակ։
«Շատ ռուսական բուհեր ամառային համալսարաններ են բացում գերմանացի ուսանողների համար։ Դա բարձրացրել է ուսանողների ակտիվությունը և նրանց հետարքրությունը երկրի բուհերի նկատմամբ։ Հայաստանը նույնպես կարող է կիրառել այս փորձը»,- ասաց նա։
Բրիշի խոսքերով, գերմանացի ուսանողները չեն կարող կրթական ողջ ժամանակահատվածում ապրել Հայաստանում, իսկ ամառային համալսարանի ստեղծումը նրանց թույլ կտա ծանոթանալ Հայաստանի կրթական համակարգի հետ և որոշակի գիտելիքներ ստանալ։
DAAD ղեկավարը նաև տեղեկացրեց, որ Հայաստանի կրթական համակարգի հանդեպ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում գերմանացի դպրոցականները։ Մասնավորապես, 2007 թվականին Հայաստան այցելած 15 գերմանացի դպրոցականներ հանրապետության հումանիտար բուհերում ուսանելու ցանկություն են հայտնել։
1996-2008թթ. ընթացքում ավելի քան հազար հայ ուսանողներ կրթաթոշակային ծրագրերով ուսանել են Գերմանիայում։ Ներկայումս Գերմանիայում կրթաթոշակային ծրագրերով և իրենց սեփական միջոցների հաշվին սովորում են 350 հայ ուսանողներ, այն դեպքում, երբ Հայաստանում սովորող գերմաանցի ուսանողների թիվը չի գերազանցում 20-ը։
1992 թվականից ի վեր կրթության և գիտության ոլորտում հայ-գերմանական համագործակցության շրջանակներում իրականացվում են դպրոցականների և ուսանողների փոխանակման ծրագրեր։ Դպրոցականների փոխանակման վերջին ծրագիրն իրականացվել է 2007 թվականին, երբ երկու կողմերից 15-ական դպրոցական և 3-ական ուսուցիչ երեք շաբաթ ուսանում էին Հայաստանում և Գերմանիայում։--0—