Երևանում մեկնարկել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Cooperative Longbow/ Lancer խոշորագույն զորավարժությունների պլանավորմանը նվիրված խորհրդաժողովը

Երևանում երեքշաբթի մեկնարկել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Cooperative Longbow/ Lancer խոշորագույն զորավարժությունների պլանավորմանը նվիրված խորհրդաժողովը։ Ինչպես խորհրդաժողովի բացմանը տեղեկացրեց Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ Գլխավոր շտաբի հրամանատար Սեյրան Օհանյանը, միջոցառմանը մասնակցում են 20 երկրների 110 ներկայացուցիչներ, ինչը վկայում է զորավարժությունների կարևորության և հրատապության մասին։
«Հայաստանում զորավարժությունների անցկացումը լավ ավանդույթ է և տարեցտարի ընդլայնվում է նրա աշխարհագրությունը։ Առաջին զորավարժությունները՝ «Լավագույն ջանքը» անցկացվեցին 2003 թ.-ին, «Փրկարարը»՝ 2006 թ.-ին, «Լավագույն մղումը»՝ 2007 թ.-ին։ Սակայն Cooperative Longbow/Lancer զորավարժությունները, իրենց ծավալներով և մասնակից երկրների թվով, կլինեն երբևէ Հարավային Կովկասի տարածաշրջանում անցկացված զորավարժություններից ամենախոշորագույնը», - ասաց նա։
Գլխավոր շտաբի հրամանատարը նշեց, որ 2008 թ.-ի ընթացքում կանցկացվեն պլանավորմանը նվիրված ևս մի քանի խորհրդաժողովներ, և հաջորդը տեղի կունենա ընթացիկ տարվա ապրիլի վերջ- մայիսի սկզբին։
«Cooperative Longbow/Lancer զորավարժությունների նպատակը համագործակցության կազմակերպումն է՝ անվտանգության և փորձի փոխանակման նպատակով», - ասաց նա։
Օհանյանը նաև տեղեկացրեց, որ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել զորավարժություններին, չնայած որ նրան հրավեր է ուղարկվել։
«Հայդելբերգ» ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Կլաուդիո Էրնտեստո Վերչելոտին նշեց, որ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս 2007 թ.-ի վերջին։
«Cooperative Longbow/Lancer զորավարժությունների պլանավորմանն ուղղված խորհրդաժողովի կազմակերպման նպատակը մասնակցող կողմերին մեր պահանջների և կարիքների մասին տեղեկացումն է», - ասաց նա։
Միաժամանակ Վերչելոտին նշեց, որ մասնակից-երկրները պատրաստ են հայկական կողմի հետ համատեղ ջանքեր գործադրել զորավարժությունների կազմակերպման նպատակով և կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի դրանք անցնեն բարձր մակարդակով։
Cooperative Longbow/Lancer զորավարժությունների նախնական պլանավորմանը նվիրված խորհրդաժողովը անց է կացվում Երևանում՝ հունվարի 29-ից փետրվարի 1-ը։
2007 թ.-ի հոկտեմբերի 23-ին Եվրոպայի դաշնային ուժերի գերագույն հրամանատարությունը բավարարել է «Համագործակցություն՝ հանուն խաղաղության»ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակոնւմ իր տարածքում զորավարժությունների անցկացման մասին Հայաստանի հայցը։
Համաձայն դրան՝ 2008 թ.-ին Հայաստանի տարածքում կանցկացվեն Cooperative Longbow հրամանատարաշտաբային և Cooperative Lancer դաշտային զորավարժությունները։-0-