Ընդդիմադիր թեկնածուի հաղթանակը նախագահական ընտրությունների առաջին փուլում անիրական է

28.01.2008, 20:16
Ընդդիմադիր թեկնածուի հաղթանակը նախագահական ընտրությունների առաջին փուլում անիրական է

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահի ընտրություններում ցանկացած ընդդիմադիր թեկնածուի հաղթանակն անիրական է։ Երկուշաբթի Երևանում, լրագրողներին այսպիսի կարծիք հայտնեց  նախագահության  ԱԺՄ կուսակցության թեկնածու, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

Նրա խոսքով, ընդդիմության դաշտում չկա այնպիսի թեկնածու, որը կարող է իր շուրջը հավաքել ընտրազանգվածի առավելագույն ձայներ։

«Այդ պատճառով էլ այն տարբերակը, թե ընդդիմությունը կարող է միավորվել և առաջին փուլում հաղթել Սերժ Սարգսյանին, ավելի շուտ ֆանտաստիկա է թվում»,- ասաց նա։

Մանուկյանը կարծում է, որ ընտրությունների առաջին փուլում ընդդիմության կարևորագույն խնդիրն է թույլ չտալ, որպեսզի ընտրողների ձայներն անցնեն կոալիցիոն ճամբար։

«Անհրաժեշտ է ընտրողներին կոչ անել, որպեսզի նրանք քվեարկեն այն թեկնածուի օգտին, որին վստահում են, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակչության մեծ մասը ընդդիմադիր է տրամադրված, ապա երկրորդ փուլում կոալիցիայի թեկնածուն կպայքարի ընդդիմադիր ճամբարի այն ներկայացուցչի հետ, որն ընտրողների առավելագույն ձայներ կհավաքի»,- ասաց նա։

Նախագահական ընտորությունները Հայաստանում նշանակված են փետրվարի 19-ին։ ՀՀ ԿԸՀ-ում գրանցվել են բոլոր ինը թեկնածուները, որոնք փաստաթղթեր են ներկայացրել հանրապետության նախագահի ընտրություններում մասնակցելու համար։

Նախագահական պայքարում մրցելու են «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը, ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։  --0--