ԵԱՀԿ երևանյան գրասենյակը պատրաստ է աջակցել Հայաստանում ընտրությունների ժողովրդավարական անցկացմանը
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ երևանյան գրասենյակը պատրաստ է աջակցել Հայաստանում ընտրությունների ժողովրդավարական անցկացմանը։ Այս մասին հայտարարեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը՝ «Ազատ և արդար ընտրությունները՝ օրենքի կիրառման միջոցով» համաժողովին, որին մասնակցում էին դատավորներ, դատախազներ, փաստաբաններ, լրագրողներ և դիտորդներ։
«Իր ընդարձակ դիտորդական մանդատի շրջանակներում ԵԱՀԿ-ն Հայաստանում բազմաթիվ ծրագրեր է իրականացնում։ ԵԱՀԿ երևանյան գրասենյակն, իր իրավասությունների շրջանակներում, պատրաստ է աջակցել, որպեսզի Հայաստանում տեղի ունենան ժողովրդավարական ընտրություններ»,- ասաց նա, ընդգծելով, որ ժողովրդավարական ընտրությունները կազմում եմ ժողովրդավարական իշխանությունների հիմքը։
Կապինոսը հիշեցրեց, որ ԵԱՀԿ-ն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև մեր երկրի Ընտրական օրենսգրքի բարեփոխումների գործընթացում։
Նրա խոսքով, ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար ԵԱՀԿ երևանյան գրասենյակը մոնիտորինգ է անցկացնում, մասնավորապես, հանրապետության իրավապահ մարմինների գործունեությունը բարելավելու ճանապարհով։
Նրա խոսքով, ԵԱՀԿ կազմում գործող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հատուկ առաքելությունը Հայաստանում անմիջականորեն իրականացնում է դիտորդական առաքելություն։
Կապինոսը նշեց, որ 2007թ. մայիսյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ նպաստեց, որպեսզի դրանք ավելի թափանցիկ լինեն, նպաստեց ԿԸՀ գործունեության բարելավմանը, աջակցեց ԸՕ փոփոխությունների մասին քաղաքացիների տեղեկացվածությանը։
«ԵԱՀԿ աջակցությամբ ստեղծվեց «Ընտրություններ» ավտոմատ համակարգը, որն ապահովում է ընտրական տեղամասերից ԿԸՀ տվյալների արագ և օպերատիվ փոխանցումը»,- ասաց նա։
Ինչպես նշեց Կապինոսը, ներկայումս Հայաստանում արդեն ստեղծվել է առողջ օրենսդրական դաշտ, իսկ իրավապահ մարմինների և ընտրախախտումների դեմ պայքարի իրավական համակարգի աշխատանքն, ընդհանուր առմամբ, արդյունավետ է։
«Սակայն, անհրաժեշտ է մշտապես շարունակել առկա խնդիրների քննարկումը, և պարբերաբար դրանք ներկայացնել իրավապահ մարմիններին՝ գործունեության մասին հաշվետվությունների տեսքով։
Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան փետրվարի 19-ին։
«Ազատ և արդար ընտրություններ՝ օրենքի կիրառման միջոցով» համաժողովը կազմակերպել են Ամերիկացի իրավաբանների միությունը, Եվրոպական հանձնաժողովի հայկական գրասենյակը, «Ընտրություններ-2008» իրավական նախաձեռնությունը։ --0—

