Երևանում մշակվել է «Ռուբեժ 2008» զորավարժության անցկացման պլանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2008 թվականի ծրագրի և «Ռուբեժ 2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստման ծրագրի համաձայն՝ գեներալ-մայոր Սերգեյ Չուվակինը Երևանում անցկացրել է մի շարք հանդիպումներ։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում մշակվել է «Ռուբեժ 2008» զորավարժության անցկացման մտահղացումը, ժամանակացույցը, համաձայնություն է ձեռք բերվել զորավարժության տեղեկատվական կենտրոնի ստեղծման վերաբերյալ:
ՀԱՊԿ «Ռուբեժ 2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրասմտան ծրագրի շրջանակներում Երևան ժամանած ՀԱՊԿ միավորված շտաբի աշխատանքային խմբի անդամներին ընդունել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, գլխավոր շտաբի պետի տեղակալ-օպերատիվ վարչության պետ, գնդապետ Արտակ Դավթյանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի տարածքում համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացման նախապատրաստման խնդիրներ: Պատվիրակությունը Հայաստանում է գտնվել հունվարի 22-25-ը։-0-

