Հայաստանի խորհրդարանի խոսնակը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էնթոնի Քենթորին ուրբաթ քննարկել են հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման հեռանկարները, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին, որը ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը երկրում, երկամյա աշխատանքի համար։ Թորոսյանի խոսքերով, դեսպանի ձեռք բերած հաջողությունները նպաստել են հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերություններին` Թորոսյանը նշել է, որ դրանք այս ընթացքում, պայմանավորված նաև Հայաստանում խորհրդարանական ընտրություններով, ակտիվ չեն եղել, բայց կան ակտիվացման բոլոր նախադրյալները:
Զրուցակիցները նշել են, որ չորրորդ գումարման Ազգային ժողովում արդեն ձևավորվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հետ պատգամավորական բարեկամության խումբ, որն էլ իր նպաստը կարող է ունենալ միջխորհրդարանական հարաբերություններում:
Բացի այդ, Տիգրան Թորոսյանը կարևորել է նախագահական ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելը, որը երկրին հնարավորություն կտա նոր որակի հարաբերություններ ունենալ եվրոպական երկրների հետ:
Նա հայտարարել է, որ Հայաստանը հիմնականում կատարել է և մինչև տարեվերջ կավարտի Եվրախորհրդին անդամակցելիս ստանձնած պարտավորությունները, ստեղծվել ու գործում են եվրոպական չափանիշներին համապատասխանող Սահմանադրություն ու օրենքներ` հենց եվրոպացի փորձագետների գնահատականով:
Մեծ Բրիտանիայի դեսպանն իր հերթին Հայաստանում իր պաշտոնավարման ժամանակը արդյունավետ համարելով` նշել է, որ այս ընթացքում փոփոխություններ են եղել ոչ միայն Հայաստանում, այլև իր երկրում` մասնավորապես նոր վարչապետ է նշանակվել: Նա հավաստիացրել է, որ Հարավային Կովկասի նկատմամբ առավել մեծ ուշադրություն կլինի հետայսու։
Քենթորն արձանագրել է բրիտանացիների օրավուր մեծացող հետաքրքրությունը Հայաստանի ու հայերի նկատմամբ, մասնավորապես զբոսաշրջիկների: Նա ասել է, որ տպավորված է Հայաստանի զարգացման տեմպերով և գտնում է, որ բոլոր հնարավորությունները կան նաև ներդրումների աճի համար:-0-