«Սպրավեդլիվայա Ռոսիան» մտադիր է խորացնել համագործակցությունը Դաշնակցության հետ
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի-Արմենիա/. «Սպրավեդլիվայա Ռոսիան» մտադիր է խորացնել համագործակցությունը ՀՅԴ-ի հետ:
Ինչպես նշվում է ռուսաստանյան կուսակցության պաշտոնական կայքում, այս մասին ուրբաթ հայտարարել է Պետդումայի փոխնախագահ, «Սպրավեդլիվայա Ռոսիա. Հայրենիք/Թոշակառուներ/Կյանք» կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահության քարտուղար Ալեքսանդր Բաբակովը՝ Ռուսաստանում ՀՅԴ ներկայացուցիչ, «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի հետ հանդիպման ժամանակ:
Կարծիքների փոխանակման ժամանակ կողմերն արձանագրել են միջկուսակցական համագործակցությունն ընդլայնելու, այն կոնկրետ, գործնական բովանդակությամբ լցնելու փոխադարձ ձգտումը:
«Սպրավեդլիվայա Ռոսսիան» մտադիր է խորացնել համագործակցությունը Դաշնակցության հետ և ձգտում է, որպեսզի միջկուսակցական կապերը չսահմանափակվեն միայն ղեկավարության շփումներով, այլ ներառեն նաև բոլոր մակարդակների կուսակցական կառույցները և անգամ շարքային անդամներին»,-ասել է Բաբակովը։
Նա առաջարկել է նաև մշակել երկու կուսակցությունների համագործակցության մեկամյա նախագիծ մշակել և նրանում քաղաքական շփումներից բացի ներառել մի շարք գործնական միջոցառումներ, այդ թվում՝ երկու կուսակցությունների երիտասարդական կառույցների գծով։
Պետդումայի փոխնախագահը ՀՀ ԱԺ-ի գործընկերների հետ համագործակցություն հաստատելու պատրաստակամություն է հայտնել՝ երկկողմ միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման, միջազգային կառույցներում և ԱՊՀ շրջանակներում երկու երկրների դիրքորոշումների համաձայնեցման նպատակով։
Նավոյանն, իր հերթին, լիովին համաձայնել է «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցչի՝ միջկուսակցական համագործակցության խորացման նախաձեռնությունների հետ՝ խոստանալով անմիջապես տեղեկացնել ՀՅԴ ղեկավարությանը հանդիպման ժամանակ արտահայտված գաղափարների և առաջարկությունների վերաբերյալ։ Իր կողմից նա ևս մեկ անգամ հաստատել է ՀՀ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի՝ Մոսկվա այցելելու պատրաստակամությունը՝ «Սպրավեդլիվայա Ռոսիայի» գործընկերների հետ բանակցելու նպատակով։
Նավոյանը պարզաբանել է, որ Հովհաննիսյանի հունվարի 29-ին ծրագրված այցը Մոսկվա ստիպված եղան տեղափոխել՝ վերջինիս` ՀՀ նախագահի փետրվարի 19-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու կապակցությամբ։
Դաշնակցության ներկայացուցիչը Մոսկվայում շահագրգռություն է հայտնել, որպեսզի «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության անդամները մասնակցեն ՀՀ ԱԺ-ի հետ կապերի ձևավորվող խմբի կազմում՝ հիշեցնելով, որ այդ մարմնի հերթական նիստը տեղի կունենա այս տարվա մարտին Սոչիում։
Յուրի Նավոյանը Ալեքսանդր Բաբակովին հայտնել է նաև, որ Ռուսաստանի շատ հայեր ցանկանում են օժանդակել երկու երկրների համագործակցության զարգացմանը և ընգծել է, որ այս իմաստով իրենց համար լավ օրինակ է «Սպրավեդլիվայա Ռոսիայի» և Դաշնակցության համագործակցությունը։
Հանդիպմանը մասնակցել է «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության միջազգային կառավարման ղեկավար Միխայիլ Պլիսյուկը։--0--