Գործունեության յոթ տարիների ընթացքում երեխաների Ընդունման և կողմորոշման կենտրոնը օգնություն է տրամադրել շուրջ 2 հազ. մարդու

25.01.2008, 18:35
Գործունեության յոթ տարիների ընթացքում երեխաների Ընդունման և կողմորոշման կենտրոնը օգնություն է տրամադրել շուրջ 2 հազ. մարդու

Գործունեության յոթ տարիների ընթացքում Հայ օգնության ֆոնդի Երեխաների ընդունման և կողմնորոշման կենտրոնը օգնություն է տրամադրել 3-18 տարեկան 1800 երեխաների, որոնք գտնվում էին ծանր կենսապայմաններում։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնեց կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը։

Նրա խոսքերով, կենտրոնում օգնություն  և օթևան ստացած երեխաների մեջ կան հոգեկան տարբեր խանգարումներ ունեցող, բռնության ենթարկված, ծնողազուրկ, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ։

Այս համատեքստում նա ընգծեց նաև առողջական խնդիրները, նրանց մեծ մասի՝ բնակության վայր չունենալը, ինչպես նաև վաղ սեռական կապերի վտանգը։

«Ընտանիքներում ամենատարածված երևույթը երեխաների նկատմամբ բռնության կիրառումն է»,-ասաց կենտրոնի տնօրենը։

Նրա խոսքերով, երեխաների խնդիրները ծնողների որոշ բացասական սովորությունների, այդ թվում՝ ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման արդյունքն են։

Անտոնյանը նշեց նաև, որ կենտրոնում ապաստան են գտնում նաև հաշմանդամ կամ ծանր հիվանդ ծնողների հետ ապրող երեխաները։

Ռիսկային խմբի երեխաներին հայտնաբերելու նպատակով կենտրոնը համագործակցում է մի շարք կառույցների, այդ թվում՝ Հայաստանի Ոստիկանության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայկական գրասենյակի հետ։

«Այդ նպատակով մենք հատուկ թեժ գիծ ենք ստեղծել։ Ամեն օր մենք ստանում ենք 10-15 հեռախոսազանգ»,-հավելեց նա։

Նա նշեց, որ երեխաների կենտրոնում գտնվելու ժամկետը լիովին կախված է նրանց յուրաքանչյուրի խնդիրներից։

«Երեխայի ադապտացիայից և նրա հետ հոգեբանի կողմից տարվող աշխատանքներից հետո մենք փորձում ենք երեխային ընտանիք վերադարձնել։ Այս նպատակով մենք աշխատում ենք ոչ միայն երեխաների, այլև նրանց ծնողների հետ»,-ասաց նա։

Կենտրոնը մշակել է նաև երեխաներին խնամակալության հանձնելու ծրագիր։ 2007թ.  25 երեխաներ օթևան են գտել այլ ընտանիքներում։

«Այսօր մենք արդեն ունենք ևս 30 ընտանիքներ, որոնք պատրաստ են ընդունել երեխաներ»,-տեղեկացրեց Անտոնյանը։

ՀՕՖ-ի Երեխաների ընդունման և կողմնորոշման կենտրոնը հիմնվել է 2000թ.։ Կենտրոնի հիմնական նպատակն է ծնողազուրկ, հոգեկան տարբեր խնդիրներով  երեխաներին օգնություն, ինչպես նաև կացարան տրամադրելը։--0—