Սերգեյ Փարաջանովի ավելի քան 50 աշխատանքներ կներկայացվեն Ուկրաինայում

23.01.2008, 18:19
Սերգեյ Փարաջանովի ավելի քան 50 աշխատանքներ կներկայացվեն Ուկրաինայում
Սերգեյ Փարաջանովի ավելի քան 50 աշխատանքներ կներկայացվեն Ուկրաինայում

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ականավոր հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների ցուցահանդեսը կբացվի հունվարի 30-ին՝ Կիևում՝ Ուկրինայի ազգային գեղարվեստի թանգարանում։

Այդ մասին չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Սերգեյ փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։

Նրա խոսքերով, ցուցահանդեսում կներկայացվի վարպետի 55 աշխատանք, այդ թվում՝ կոլաժներ, գլխարկներ և տիկնիկներ։

«Կիևում ցուցահանդեսը հնարավոր դարձավ կազմակերպել մեր թանգարանի, Ուկրինայի ազգային գեղարվեստի թանգարանի և բոլոր ֆինանսական ծախսերն իր վրա վերցրած ուկրաինական պրոդյուսերական ընկերության միջև կնքված եռակողմ համաձայնագրի շնորհիվ»,-ասաց տնօրենը։

Սարգսյանը հավելեց, որ ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան նաև դիտելու Փարաջանովի ֆիլմերը, մասնավորապես, «Նռան գույնը», «Մոռացված նախնիների ստվերները», «Աշուղ Ղարիբը», ինչպես նաև «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» ֆիլմերը։

Թանգարանի տնօրենը հայտնեց նաև, որ Փարաջանովի ֆիլմերից բացի, կներկայացվեն վարպետի կյանքին նվիրված երկու վավերագրական ֆիլմեր՝ «Սերգեյ Փարաջանովի թանգարանների գիշերը» (Ռեժ. Ռոման Բալայան) և «Ազատորեն վտանգավոր մարդը» (ռեժ. Ռոման Ֆիրման)։

Ուկրաինայի գեղարվեստի թանգարանում կայանալիք ցուցահանդեսը կտևի մինչև մարտի կեսը։

Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924-ի հունվարի 9-ին Թբիլիսիում, հայկական ընտանիքում։ Հանրահայտ ռեժիսորի, սցենարիստի և նկարչի ֆիլմերը արժանացել են տասնյակ միջազգային մրցանակների։

Մասնավորապես, մեծ հետաքրքրություն է ներկայացնում ռեժիսորի գեղարվեստական ստեղծագործությունը՝ կոլաժներ, կերամիկա, նկարներ։

Փարաջանովը վախճանվել է 1990-ի հուլիսի 20-ին Երևանում։ «Փարաջանովի հեռանալով՝ կինոաշխարհը կորցրեց իր մոգ-հրաշագործներից մեկին»,-այսպես են արտահայտվել կինոյի և մշակույթի ականավոր գործիչները նրա մահվանից հետո։

1991-ին Երևանում բացվեց ռեժիսոր և նկարիչ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը։--0--