Հայաստանի նախագահի թեկնածու Արման Մելիքյանը մտադիր է Սահմանադրական դատարանում բողոքարկել Ընտրական օրենսգիրքը

22.01.2008, 15:17
Հայաստանի նախագահի թեկնածու Արման Մելիքյանը մտադիր է Սահմանադրական դատարանում բողոքարկել Ընտրական օրենսգիրքը

Հայաստանի նախագահի թեկնածու Արման Մելիքյանը Սահմանադրական դատարանում կբողոքարկի բարեփոխված  Ընտրական օրենսգրքի նորմերը։

Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը։

«Անշուշտ, Հայաստանի քաղաքացիների իրավունքներն ու շահերը ոտնահարվել են Ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին՝ երկրի խորհրդարանի որոշմամբ, որը սահմանափակում է գործող ընտրատարածքների թիվը՝ միայն Հայաստանի սահմաններով», - ասաց Մելիքյանը։

Այս կապակցությամբ նախագահի թեկնածուն նշեց, որ արդեն այս շաբաթվա ընթացքում մտադիր է հայց պատրաստել և  այն ներկայացնել Սահմանադրական դատարանի քննարկմանը։

«Կարծում եմ, որ գործը վարույթ կընդունվի, քանի որ այն մարդիկ, ովքեր այսօր գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս և կերակրում են Հայաստանի բնաչության հիմնական մասին, իրավունք ունեն մասնակցելու քաղաքական գործընթացներին, ինչպես նաև մեր երկրի ապագան ձևավորող գործընթացներին», - ասաց Մելիքյանը։

Միաժամանակ, նրա կարծիքով, Հայաստանի սահմաններից դուրս նա բավականին լուրջ ընտրազանգված ունի, որն այսօրվա դրությամբ զրկված է իր թեկնածության օգտին ձայն տալուց։

«Այսպիսով, իմ՝ որպես նախագահի թեկնածուի շահերը ես ոտնահարված եմ համարում, իսկ արդյունքում ողջ ընտրական գործընթացը վտանգի տակ է դրվում և  դառնում է ոչ լիարժեք», - ասաց Մելիքյանը։

Նրա խոսքերով, Սահմանադրական դատարանում իր շահերը ներկայացնելու են «Իրավական նախաձեռնություն. ընտրություններ 2008» թեժ գծի իրավաբանները։

«Հուսով եմ, որ այս համագործակցությունը կարող է հետաքրքիր արդյունքներ տալ, որոնք կարևոր կլինեն բոլորի համար», - ասաց Մելիքյանը։

Հայաստանի բարեփոխված Ընտրական օրենսգրքի համաձայն, հանրապետության քաղաքացիները կարող են քվեարկել միայն երկրի տարածքում։ Նման կերպ  բացառված է արտասահմանում բնակվող Հայաստանի քաղաքացիների՝ դեսպանատներում քվեարկելու՝ ավելի վաղ գոյություն ունեցող պրակտիկան։

Առաջին անգամ արտասահմանում բնակվող Հայաստանի քաղաքացիները չկարողացան քվեարկել 2007 թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Հունվարի 21-ին Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև փետրվարի 17-ը։ Քաղաքական քարոզարավին մասնակցում է ինը թեկնածու, որոնց հունվարի 18-ին գրանցել է Հայաստանի ԿԸՀ-ն։-0-