ԱՄՆ նախագահի թեկնածուն խոստացել է ճանաչել հայերի ցեղասպանությունը` իր ընտրվելու դեպքում

21.01.2008, 16:20
ԱՄՆ նախագահի թեկնածուն խոստացել է ճանաչել հայերի ցեղասպանությունը` իր ընտրվելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախագահի թեկնածու Բարակ Օբաման խոստացել է ճանաչել Հայոց Մեծ Եղեռնը՝ իր նախագահ ընտրվելու դեպքում, «ՌԻԱ-Նովոստիի» հաղորդմամբ, երկուշաբթի տեղեկացրել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն՝ ԱՀԱԿ (Armenian National Committee of America)։

«Օբաման հրապարակել է մի հայտարարություն, որտեղ կոչ է արել ԱՄՆ կոնգրեսին՝ ընդունել 106-րդ բանաձևը, որով ենթադրվում է անցած դարասկզբին Օսմանյան կայսրության տարածքում հայերի ցեղասպանության ճանաչումը»,- ասվում է ԱՀԱԿ-ի հաղորդագրության մեջ։

Հայտարարության մեջ Օբաման հավաստել է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն իր աջակցությունը՝ Հայաստանի անվտանգության և ժողովրդավարության ամրապնդման հարցերում։ Նա խոստացել է նաև նպաստել Հայաստանի հետ Թուրքիայի և Ադրբեջանի սահմանների բացմանը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար։

«Հայկական համայնքը ողջունում է սենատոր Օբամայի կոչը և հայկական համայնքի հետ կապված նրա հայացքները, ինչպես նաև նրա մեկնաբանությունները՝ ԱՄՆ-ի  Հայաստանի կառավարությունների վերաբերյալ»,-նշել է ԱՀԱԿ-ի գործադիր տնօրեն Արամ Գամպարյանը։

Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՀԱԿ-ն ԱՄՆ-ի բոլոր թեկնածուներին հարցարան է ուղարկել՝ խնդրելով նրանց պատասխանել 19 հարցերի, որոնց մեջ կան հարցեր՝ կապված Հայոց Մեծ Եղեռնի ճանաչմանը նրանց վերաբերմունքին, ԱՄՆ-Հայաստան տնտեսական, քաղաքական և ռազմական կապերին, ԼՂՀ ժողովրդի ինքնավարության իրավունքին, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակմանը։  

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ 40 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն, որի կենտրոնակայանը Վաշինգտոնում է, սփյուռքի ամենաազդեցիկ հասարակական կազմակերպություններից է։ -0-