Հայաստանի ԿԸՀ-ն հաստատել է ընտրություններին հետևելու համար հրավիրվածների ցանկը

18.01.2008, 18:55
Հայաստանի ԿԸՀ-ն հաստատել է ընտրություններին հետևելու համար հրավիրվածների ցանկը

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հաստատել է մի շարք դիտորդների ցանկը, որոնց Հայաստան են հրավիրելու նախագահական ընտրություններին հետևելու նպատակով։

Ինչպես ԿԸՀ նիստին հաղորդեց հանձնաժողովի քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը, հրավիրվածների շարքում են ԵԱՀԿ անդամ-երկրների դեսպանները, Հայաստանում հավատարմագրված պետությունների դեսպանները, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը, Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, International IDEA հայկական գրասենյակի ղեկավարը, Ընտրական համակարգերի միջազգային ֆոնդի (IFES) հայկական մասնաճյուղի ղեկավարը և ԼՂՀ ԿԸՀ  նախագահը։

Հայաստանում նախագահական ընտրությունները նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։ ԿԸՀ-ի հաստատած ժամանակացույցի համաձայն, նախագահական ընտրություններին մասնակցող դիտորդների հավատարմագրումը տեղի կունենա նոյեմբերի 9-ից փետրվարի 9-ը։

Երկարաժամկետ դիտորդական առաքելություններ հրավիրելու իրավունք ունեն նախագահը, կառավարությունը, խորհրդարանը և ԿԸՀ-ն։

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը 2007թ. դեկտեմբերին 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերք է ուղարկել չորս միջազգային կազմակերպությունների՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ), Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովին (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպական խորհրդարանին և Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովին (ԱՊՀ ՄԽՎ)։--0—