Հայաստանի քաղաքացիները պետք է ակտիվ մասնակցեն երկրի կյանքին. նախագահի թեկնածու
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի քաղաքացիները պետք է ակտիվ մասնակցեն երկրի կյանքին և զարգացման գործընթացներին։ Այսպիսի կարծիք հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը։
«Մարդիկ պետք է գնահատվեն որպես իրենց երկրի քաղաքացիներ։ Եթե պետությունը չի գնահատում իր քաղաքացիներին, ապա այն զուրկ է հիմքից։ Սա կարող է նշանակել, որ երկրի ողջ իշխանությունը զավթել է մի քանի մարդ և օգտագործում է այն իր անձնական շահերի համար»,- ասաց Մելիքյանը։
Նրա խոսքերով, Սահմանադրության հիմնական դրույթները պետք է փոխանցել իրական ժողովրդավարական համակարգ։
«Այն, որ ժողովրդավարությունը մեզ մոտ ունի զուտ հռչակագրի բնույթ, հասարակության և իշխանությունների չհասունացածության արդյունքն է։ Մենք արդեն համակերպվել ենք այն բանի հետ, որ պաշտոնյան ոչ թե սոսկ ժողովրդին ծառայողն է, նրա պահանջների կատարողը, այլ այն մարդը, որից կախված է շարքային բնակիչների ճակատագիրը»,- ասաց Մելիքյանը։
Նրա կարծիքով, երկրում այս իրավիճակը անհրաժեշտ է ուղղել ընդհանուր ջանքերով։
«Այսօր Հայաստանում չկա ստույգ տեղեկատվություն՝ որպես այդպիսին, քանի որ համակարգը բացառում է դրա գոյությունը։ Իշխանությունների որոշումների մասին մարդիկ տեղեկանում են միայն դրանց ընդունումից հետո, այսինքն բնակչությունն իրական լծակներ չունի՝ երկրում ընդունվող որոշումների վրա ազդեցություն ունենալու համար»,- նշեց նախագահի թեկնածուն։
Մելիքյանի խոսքերով, բնակչության անվստահությունը տարբեր տեղեկատվությանը, մասնավորապես, սոցհարցումների արդյունքներին, խոսում է նաև իշխանությունների հանդեպ ունեցած անվստահության մասին։
«Մեծ հաշվով, մարդիկ կարծում են, որ իշխանությունները կամ չեն կարող ապահովել ստույգ տեղեկատվության ստացումը, կամ էլ շահագրգռված չեն դրանում»,- ասաց Մելիքյանը։
Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։--0—