ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները հանդես են գալիս հնարավորինս շուտ Ղարաբաղը՝ որպես բանակցությունների լիարժեք կողմ ներգրավելու օգտին

17.01.2008, 18:16
ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները հանդես են գալիս  հնարավորինս շուտ Ղարաբաղը՝ որպես բանակցությունների լիարժեք կողմ ներգրավելու օգտին

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները հանդես են գալիս ղարաբաղյան կարգավորման գործընթացում հնարավորինս շուտ Ղարաբաղը՝  որպես լիարժեք բանակցային կողմ ներգրավելու օգտին։ Այս մասին հինգշաբթի Երևանում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայից համանախագահ Բեռնար Ֆասյեն։

«Որքան շուտ Ղարաբաղը ներգրավվի բանակցային գործընթացում՝ որպես բանակցային կողմերից մեկը, այնքան լավ, առավել ևս, որ ԼՂՀ ղեկավարության դիրքորոշումը վկայում է այն մասին, որ նրանք լիովին տեղեկացված են բանակցային գործընթացի վերաբերյալ»,- ասաց Ֆասյեն։

Նա նշեց, որ ԼՂՀ-ի հեռացումը բանակցություններից չի եղել համանախագահների որոշումը։

«Նախքան Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի նախագահ դառնալը (1998թ.՝ «Նովոստի-Արմենիա»), Ղարաբաղը բանակցային կեղմերից մեկն էր, սակայն նրա՝ Հայաստանի նախագահ ընտրվելուց հետո որոշում ընդունվեց այն մասին, որ Հայաստանն ավելի լավ կներկայացնի Ղարաբաղի դիրքորոշումները»,- ասաց Ֆասյեն։

Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը փոփոխությունների ենթարկվի Հայաստանի նախագահական ընտրություններից հետո, առավել ևս հաշվի առնելով, որ Քոչարյանը երրորդ ժամկետի համար չի առաջադրվել, Ֆասյեն նկատեց, որ այս հարցը որոշում են ոչ թե համանախագահները, այլ հայկական կողմը։

Համանախագահը նշեց, որ Ստեփանակերտի մասնակցությունը բանակցային գործընթացին ցանկալի է, սակայն թե ինչպես կլուծվի այս հարցը, ցույց կտա ժամանակը, քանի որ, նրա կարծիքով, այս փուլում բարդ կլինի ԼՂՀ-ն ներգրավել որպես բանակցող կողմ։

«Մենք միշտ կարևորել ենք կողմերին կարգավորման հիմնարար սկզբունքների մասին տեղեկացնելը, և եթե դրանց շուրջ համաձայնություն ձեռք բերվի, ապա ղարաբաղյան կողմը կարող է մասնակցել բանակցային գործընթացին, եթե Հայաստանը դեմ չլինի»,- ասաց Ֆասյեն։

Խոսելով այն մասին, թե արդյոք ադրբեջանական կողմը դեմ կլինի Ղարաբաղի մասնակցությանը բանակցություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Յուրի Մերզլյակովը նշել է, որ «միջնորդները դեռևս այդքան հեռու չեն գնացել և մտադիր են խնդիրները լուծել՝ դրանց ծագմանը զուգահեռ»։

«Ներկա պահին բոլոր կողմերն էլ համաձայն են այն հիմնարար սկզբունքների հետ, որոնք մենք մշակում ենք, և մենք այս փուլում բանակցությունների ձևաչափը փոխելու անհրաժեշտություն
չենք տեսնում»։

«Սակայն վերջնական համաձայնագրի մշակման ժամանակ ԼՂՀ-ն պետք է մասնակցի բանակցություններին, քանի որ համաձայնագրի բոլոր հիմնական կետերը ուղղակիորեն առնչվում են Ղարաբաղին և նրա ժողովրդին»,- ասաց Մերզլյակովը։

Միաժամանակ նա նկատեց, որ դա չի նշանակում, որ ԼՂՀ-ն բանակցություններում ներգրավվելու է եզրափակիչ փուլում, քանի որ վերջնական համաձայնագրի մշակումը բավականին աշխատատար և երկարատև գործընթաց է։

«Այս հարցում ես հոռետես չեմ»,- եզրափակեց համանախագահը։--0—