Հայաստանը ակնկալում է, որ ռուսական ընկերության կառավարման ներքո երկաթուղին կդառնա վերազինված և մեծ արդյունավետությամբ գործող ենթակառույց. ՀՀ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը մեծ ակնկալիքներ ունի, որ ռուսական ընկերության կառավարման ներքո երկաթուղին կդառնա վերազինված և մեծ արդյունավետությամբ գործող ենթակառույց։
Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին երկրի ղեկավարի մամլո գրասենյակից՝ այս մասին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ասել է հայկական երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարման մրցույթում շահած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Նախագահը հաջողություն է մաղթել ընկերության ներկայացուցիչներին նշելով, որ հայկական կողմը պատրաստ է արագ արձագանքել անցումային փուլում առաջանալիք խնդիրներին և գտնել դրանց օպտիմալ լուծումներ:
Վլադիմիր Յակունինը շնորհակալություն է հայտնել «Ռուսական երկաթուղիներին» ցուցաբերված վստահության համար։
«Ռուսական կողմը երաշխավորում է ստանձնած պարտավորությունների լիարժեք և ժամանակին կատարումը»,-ասել է Յակունինը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են հայկական երկաթուղու զարգացմանն առնչվող հարցեր:
Չորեքշաբթի ՌԵ ընկերությունը հաղթող է ճանաչվել Հայկական երկաթուղիները կոնցեսիոն կառավարման հանձնելու մրցույթում։ 2007թ. դեկտեմբերի 21-ին հրապարակված ֆինանսական առաջարկում ՌԵ-ն հայտարարել է «Հայկական երկաթուղիներ» $570 մլն. ներդնելու պատրաստակամության մասին, որից $230 մլն.-ը մոտակա հինգ տարիների ընթացքում։ Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցման բացվելուց հետո ներդրումները կաճեն մինչև $610 մլն., Ադրբեջանի հետ՝ մինչև $1,8 մլրդ., երկաթուղու աբխազական հատվածի բացվելու դեպքում՝ մինչև $2,2 մլրդ.։
Կոնցեսիոն մուծումների մասին առաջարկությունների փաթեթի համաձայն, որը հրապարակվել է 2008թ. հունվարի 8-ին, ՌԵ-ն որպես միանվագ կոնցեսիոն մուծում Հայաստանի բյուջե է փոխանցում 1,7 մլրդ. դրամ։ Բացի այդ, ՌԵ-ն ամեն տարի Հայաստանի պետբյուջե է փոխանցելու Հայկական երկաթուղու ընդհանուր շահույթի 2%-ը։
Հայաստանի երկաթուղիների 1125կմ.-ից 805 կմ.-ը ՀԵ-ի ենթակայության մեջ է գտնվում։ Ընկերությունը 2001թ.-ից կայուն եկամուտ է բերում։ 2007թ. ՀԵ-ն տեղափոխել է 3 մլն. տոննա բեռ, 2006թ. 2,7 մլն.-ի դիմաց։
ՀԵ-ի եկամուտը 2007թ. կազմել է 12 մլրդ. դրամ, 2006թ. 11 մլնրդ.-ի դիմաց ($1 - 308,47 դրամ)։--0—

