Ռուսաստանը հետաքրքրված է սևծովյան տարածաշրջանով. փորձագետ

15.01.2008, 18:58
Ռուսաստանը հետաքրքրված է սևծովյան տարածաշրջանով. փորձագետ
Ռուսաստանը հետաքրքրված է սևծովյան տարածաշրջանով. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Սևծովյան տարածաշրջանը կարևոր է Ռուսաստանի համար, երեքշաբթի լրագրողներին «Ընդլայնված սևծովյան տարածաշրջան. միջազգային և տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» միջազգային գիտաժողովի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի գիտություների ակադեմիային առընթեր Եվրոպայի ինստիտուտի Միջազգային և սևծովյան ծրագրերի կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալլա Յազկովան՝ ներկայացնելով «Ռուսաստանի շահերն ու քաղաքականությունը՝ ընդլայնված սևծովյան տարածաշրջանում» թեմայով իր զեկույցը։

«Ռուսաստանի համար այս տարածաշրջանը կարևոր նշանակություն ունի, այստեղ միահյուսվում է գործնական խնդիրների լուծման անհրաժեշտությունը։ Այդ գործընթացների ընթացքում Ռուսաստանը կոոպերացվում է մերձսևծովյան մյուս երկրների հետ»,-ասաց նա։

Նա հավելեց, որ սևծովյան տարածաշրջանը երկրի համար պատմական հիշողության տարածաշրջան է։

«Սև ծովը Ռուսաստանի համար այն ծովն է, որով երկիրը դուրս է գալիս  Միջերկրական ծով և համաշխարհային օվկիանոս»,-ասաց Յազկովան։

Ըստ պրոֆեսորի, մերձսևծովյան երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների զարգացման օբյեկտիվ հետաքրքրությունը կա և մնում է։ Այդ երկրների թվում Յազկովան նշեց Բալկանյան երկրները և Թուրքիան։

Նա ասաց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ծագած խնդիրները կարող են լուծվել բանակցություների միջոցով։

Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ Յազկովան նշեց, որ այս տարածքում խնդիրները հիմնականում վերաբերում են Վրաստանին։

«Ռուսաստանի և Վրաստանի միջև առկա խնդիրները Ռուսաստանի հարավ-կովկասյան քաղաքականության ամենաբացասական կողմերից է»,-ավարտեց նա։

 «Ընդլայնված սևծովյան տարածաշրջան. միջազգային և տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» երկօրյա միջազգային գիտաժողովը մեկնարկե է հունվարի 14-ին։

Գիտաժողովը կազմակերպել է Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբը (Armenian international policy research group - AIPRG)՝ ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՊՀ Շրջանավարտների միության և Նիդեռլանդների թագավորության դեսպանատան աջակցությամբ։

Գիտաժողովի մասնակիցների թվում են Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, Մինսկի խմբի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, ինչպես նաև Մինսկի խմբի ԱՄՆ գործող համանախագահ Մեթյու Բրայզան։

Մասնակիցների թվում են Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի և Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (Մեծ Բրիտանիա), «Ռոյթեր» լրատվական գործակալության, Բրուքինգզ ինստիտուտի, Միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի, Էնթերփրայզ ամերիկյան ինստիտուտի, Ջեյմսթաուն հիմնադրամի, ԱՄՆ պետդեպարտամենտի, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի, ԵՄ-ի ներկայացուցիչները։

Գիտաժողովին մասնակցում են Թուրքիայի, Ռումինիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչները։-0-