Հայաստանի վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կողմերի տարաձայնությունները

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզային (ԱՄՆ), Բեռնար Ֆասյեին (Ֆրանսիա) և Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), որոնք Երևան են ժամանել տարածաշրջանային այցի շրջանակներում։
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին Հայաստանի կառավարության աշխատակազմի հասարակության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը և Եվրասիական հակամարտությունների գծով խորհրդատու Մայքլ Կարփենթերը:
Հանդիպման ընթացքում երկուստեք գնահատական է տրվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, ինչպես նաև հակամարտող կողմերի միջև դեռևս առկա տարակարծություններին:
Նույն օրը, վարչապետի հետ հանդիպումից հետո, համանախագահները մեկնել են Ստեփանակերտ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) և Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) Երևան են ժամանել նախօրեին՝ ուշ երեկոյան։
Մինչ այդ նախատեսված էր, որ համանախագահները ԼՂՀ են մեկնելու չորեքշաբթի՝ հունվարի 16-ին, որտեղից Հայաստանի մայրաքաղաք են վերադառնալու հինգշաբթի՝ հունվարի 17-ին։
Մինչև Երևան ժամանելը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները այցով եղել են Բաքվում (հունվարի 13-14)։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-