Ղարաբաղի խնդիրը մնալու է Հայաստանի նախագահի ուշադրության կենտրոնում. Սերժ Սարգսյանի ծրագիր

Ղարաբաղի խնդիրը մնալու է Հայաստանի նախագահի ուշադրության կենտրոնում, ասվում է Հայաստանի նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում, որը տեղադրված է նրա պաշտոնական կայքում։
Փաստաթղթի համաձայն՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնվի հետևյալ սկզբունքների վրա. պետք է միջազգայնորեն ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և պայմաններ ստեղծվեն դրա իրականացման համար, պետք է ապահովվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչութւյան և սահմանների անվտանգությունը, Հայաստանը և ԼՂՀ-ն պետք է ունենան ընդհանուր սահման։
«Յուրաքանչյուր ողջամիտ մարդու համար ակնհայտ է, որ ամեն մի՝ քիչ թե շատ բարդ գործընթաց, առավել ևս՝ հակամարտության կարգավորում, հնարավոր չէ իրականացնել միանգամից։ Այն մի քանի քայլով իրականացվող գործողությունների ամբողջություն է», - նշվում է ծրագրում։
Փաստաթղթում նշվում է, որ Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի միջև համաձայնությունը պետք է մեկ փաթեթի մեջ ներառի բոլոր հարցերի լուծումներն ու այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեն այդ լուծումների իրականացումը։-0-