Հայաստանում բացվել է սևծովյան տարածաշրջանի անվտանգության հեռանկարների մասին միջազգային գիտաժողովը

14.01.2008, 12:16
Հայաստանում բացվել է սևծովյան տարածաշրջանի անվտանգության հեռանկարների մասին միջազգային գիտաժողովը

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում բացվել է «Ընդլայնված սևծովյան տարածաշրջան. միջազգային և տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» երկօրյա միջազգային գիտաժողովը։

Գիտաժողովը կազմակերպել է Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբը (Armenian international policy research group - AIPRG)՝ ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՊՀ Շրջանավարտների միության և Նիդեռլանդների թագավորության դեսպանատան աջակցությամբ։

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Երևանում նման միջազգային գիտաժողովի կազմակերպմանը», - բացման արարողության ժամանակ հայտարարեց AIPRG-ի գործադիր տնօրեն Տիգրան Մկրտչյանը։

Նրա խոսքերով, գիտաժողովը նպատակ ունի խթանել Ընդլայնված սևծովյան տարածաշրջան հասկացության վերաբերյալ քննարկումները՝ ներգրավելով հայտնի գիտնականների, հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների, գործող և նախկին քաղաքական գործիչների, շահագրգիռ խոշոր խմբերի՝ ողջ աշխարհից։

Գիտաժողովի մասնակիցների թվում են Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, Մինսկի խմբի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, ինչպես նաև Մինսկի խմբի ԱՄՆ գործող համանախագահ Մեթյու Բրայզան։

Մասնակիցների թվում են Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի և Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (Մեծ Բրիտանիա), «Ռոյթեր» լրատվական գործակալության, Բրուքինգզ ինստիտուտի, Միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի, Էնթերփրայզ ամերիկյան ինստիտուտի, Ջեյմսթաուն հիմնադրամի, ԱՄՆ պետդեպարտամենտի, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի, ԵՄ-ի ներկայացուցիչները։

Գիտաժողովին մասնակցում են Թուրքիայի, Ռումինիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչները։-0-