Հայաստանի նախագահական ընտրությունները կանցնեն երկու փուլով. նախագահի թեկնածու

11.01.2008, 17:53
Հայաստանի նախագահական ընտրությունները կանցնեն երկու փուլով. նախագահի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի  նախագահական ընտրությունները կանցնեն երկու փուլով, կարծում է նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։

«Ես վստահ եմ, որ եթե այս ընտրություններն արդար լինեն, ապա անպայման երկրորդ փուլ կլինի, որում կհայտնվեմ նաև ես»,- ասաց Հարությունյանը։

Ընդ որում նա հրաժարվեց տալ մյուս թեկնածուի անունը, որն, ըստ նրա, իր հետ միասին կհայտնվի երկրորդ փուլում։

«Իմ առավելությունը մյուս թեկնածուների նկատմամբ սկզբունքային դիրքորոշման մեջ է։ Ես երբեք մի ճամբարից մյուսը չեմ անցել, չեմ կեղծել ընտրությունները և մշտապես հավատարիմ եմ մնացել իմ սկզբունքներին»,- ասաց Հարությունյանը։

Միաժամանակ նա նկատեց, որ արդեն այսօր պատրաստ է բանավեճի մեջ մտնել մյուս թեկնածուների հետ՝ այս կամ այն հարցի շուրջ պաշտպանելով իր դիրքորոշումները։

«Քաղաքական բանավեճերը չափազանց կարևոր են, և ես կարծում եմ, որ եթե դրանք չլինեն, ապա չեն լինի նաև ընտրությունները, քանի որ այդ դեպքում կարևորվելու են ոչ թե թեկնածուների դիրքորոշումները կամ տեսակետները, այլ ֆինանսական և մյուս ներուժը»,- ասաց Հարությունյանը։

Բացի այդ նախագահի թեկնածուն նշեց, որ նախընտական քարոզարշավում օգտվելու է միայն անվճար հեռուստաեթերից, ինչպես նաև կուսակցության անդամների միջոցներից, որոնց թիվը կազմում է շուրջ 5 հազար մարդ։

 «Հազիվ թե մեզ հաջողվի շտաբներ բացել երկրի  բոլոր մարզերում, բայց մենք անպայման  կփորձենք շտաբներ ստեղծել Սյունիքում, Արարատում, Գյումրիում և Եղեգնաձորում»,- ասաց Հարությունյանը։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։

2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը չէր հավաքել անգամ 1 տոկոս ձայն։--0—