Հայ-թուքական հարաբերությունները կկարգավորվեն միայն ղարաբաղյան հարցի լուծումից հետո. նախկին նախագահ

11.01.2008, 15:31
Հայ-թուքական հարաբերությունները կկարգավորվեն միայն ղարաբաղյան հարցի լուծումից հետո. նախկին նախագահ

Հայ-թուքական հարաբերությունները կկգարգավորվեն միայն ղարաբաղյան հարցի լուծումից հետո։ Այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Քանի դեռ ղարաբաղյան հիմնահարցը կարգավորված չէ, Թուրքիայի հետ սահմանը Հայաստանի համար փակ կլինի»,-ասաց նա՝ հավելելով, որ մինչև այդ որևէ զարգացման սպասելն անիմաստ է։

Տեր-Պետրոսյանը միաժամանակ ճշտեց, որ խոսքը ղարաբաղյան հիմնահարցի վերջնական կարգավորման մասին չէ։

«Եթե այս հարցում արձանագրվի լուրջ առաջընթաց, Թուրքիան կբացի սահմանը, դրանով իր ներդրումն ունենալով այս հիմնահարցի կարգավորման գործում»,-կարծում է նա։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները՝ թուրքական կողմի առաջ քաշած նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Թուրքիան Հայաստանից պահանջում է հրաժարվել Հայոց Մեծ Եղեռնի ճանաչման միջազգային գործընթացից։

Բացի այդ, Թուրքիան ադրբեջանամետ դիրքորոշում ունի ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հարցում։

Հայ-թուրքական սահմանը փակ է 1993թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։--0--