Հայաստանում աշխատանքն է սկսել նախագահական ընտրությունների ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահական ընտրությունների նախաշեմին իր աշխատանքն է սկսել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունը։
Ինչպես հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերտ Արենսը, այսօր Երևանում են գտնվում առաքելության հիմնական փորձագետներից 11-ը, մասնավորապես, օրենսդրության և ԶԼՄ-ների գծով վերլուծաբաններ, ինչպես նաև ընտրություների գծով մասնագետներ։
«Հունվարի 15-ից մեզ կմիանան 28 երկարաժամկետ դիտորդներ, որոնք 14 խմբերի կազմում ողջ հանրապետության տարածքում կիրականացնեն իրենց առաքելությունը»,-ասաց նա։
Նա հավելեց, որ անմիջապես ընտրություներից առաջ Հայաստան կժամանեն 250 կարճաժամկետ դիտորդներ, որոնք կհետևեն ընտրատեղամասերի բացման, քվեարկության, քվեաթերթիկների հաշվառման և արդյունքների հաշվարկման գործընթացին։
«Մեր առաքելության դիտորդների քանակը բավարար է, որպեսզի կարողանանք կազմակերպել ընտրությունների գործընթացի դիտարկումը Հայաստանի ողջ տարածքի ընտրատեղամասերում»,-ասաց նա։
Արենսը նշեց, որ առաքելության գործունեությունն իրականացվելու է ԵԱՀԿ ստանդարտ մեթոդաբանությամբ, որը կիրառվել է հանրապետությունում 2007թ. մայիսի խորհրդարանական ընտրություններում։
«Մեր աշխատանքների ընթացքում մենք մտադիր ենք ամենշաբաթյա հանդիպումներ անցկացնել Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի և ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի հետ, ինչպես նաև հանդիպել մի շարք պետական կառույցների, ազգային կուսակցական կազմակերպությունների ներկայացուցչների և նախագահի թեկնածուների հետ»,-պարզաբանեց նա։
Առաքելության ղեկավարը նշեց նաև, որ նախքան ընտրությունների սկիզբը դիտորդական առաքելությունը կհրապարակի երկու միջանկյալ եզրակացություն ընտրությունների հաջորդ օրը (փետրվարի 20-ին)՝ իր նախնական գնահատականը, իսկ ընտրություններից հետո մեկ-երկու ամսվա ընթացքում՝ վերջնական հաշվետվությունը։
«Մենք Հայաստան ենք եկել բաց հոգով և հույս ունենք, որ մեր առաքելության ավարտին հնարավորություն կունենանք նշելու, որ Հայաստանում արձանագրվել է որոշակի առաջընթաց»,-ընգծեց նա։
Դիտորդական առաքելության մեջ են մտնում վերլուծաբաններ և փորձագետներ ԵԱՀԿ 22 անդամ-երկրներից, այդ թվում՝ Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Կանադայից, Սլովակիայից, Սերբիայից և Լատվիայից։
Հայաստանի ԿԸՀ տվյալներով, երկրում նախագահական ընտրությունների նախաշեմին ձևավորվել է 1923 ընտրատեղամաս, որից 442-ը Երևանում, իսկ 1481-ը՝ մարզերում։
Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ Նախագահական ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել 9 թեկնածուներ։
Նախագահի թեկնածուների գրանցումը անցկացվում է դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 20-ը, ընդ որում նախագահի թեկնածուները կարող են իրենց թեկնածությունը հանել մինչև փետրվարի 9-ը։ --0-