Երեք հայ գրոսմայստերներ կմասնակցեն Նիդեռլանդներում կայանալիք Corus -2008 հեղինակավոր առաջնությանը

Հայ գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Սերգեյ Մովսիսյանը կմասնակցեն Վեյք ան-Զեում (Նիդեռլանդներ) կայանալիք Corus-2008 շախմատի միջազգային առաջնությանը։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից, շախմատի առաջնությունը տեղի կունենա 2008 թ. հունվարի 11-17-ը։ Corus -2008-ը տեղի կունենա երեք խմբով՝ շրջանակային համակարգով, 14 շախմատիստների մասնակցությամբ։
Լևոն Արոնյանը կխաղա «А» խմբում (20-րդ կատեգորիա, խաղացողների միջին վարկանիշը՝ 2742) Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան), Վասիլի Իվանչուկի (Ուկրաինա), Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան), Վեսելին Տոպալովի (Բուլղարիա), Պետեր Լեկոյի (Հունգարիա), Շախրիյար Մամեդյարովի (Ադրբեջան), Բորիս Գելֆանդի (Իսրայել) հետ։
Սարգսյանն ու Մովսիսյանը ներառված են «B» խմբում (15-րդ կատեգորիա, խաղացողների միջին վարկանիշը՝ 2618), որում ընդգրկվել են, մասնավորապես, Էթյեն Բակրոն (Ֆրանսիա), Իվան Չեպարինովը (Բուլղարիա), Միխայիլ Կրասենկովը (Լեհաստան), Նիգել Շորտը (Անգլիա), Դանիել Ստելվագենը (Նիդեռլանդներ)։
Առաջնության խաղերի օրերն են հունվարի12-15-ը, 17-20-ը, 22-ը, 23-ը, 25-27-ը։ Ազատ օրերն են՝ հունվարի 16-ը, 21-ը և 24-ը։-0-