ՀՀ արտգործնախարարը 2007 թվականը Հայաստանի արտաքին քաղաքականության համար հաջողված է համարում
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը կարծում է, որ 2007 թվականը հաջողված տարի էր հանրապետության արտաքին քաղաքականության համար։ Այս մասին նա հայտարարեց չորեքշաբթի՝ 2007թ. ՀՀ արտաքին գործերի նախարարության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«2007 թվականը Հայաստանի արտաքին քաղաքականության համար բավականին ակտիվ էր և կարող է համարվել որպես կայուն զարգացման, տնտեսական առաջընթացի և ժողովրդավարության ամրապնդման տարի»,- ասաց նա:
Օսկանյանը նշեց, որ Հայաստանի՝ անվտանգության ամրապնդման, երկրի զարգացման համար անհրաժեշտ բարենպաստ պայմանների և տարածաշրջանային գործընթացներում ակտիվ միջազգային ներգրավվածության խորացման տեսանկյունից շոշափելի առաջընթացն ակնհայտ է:
Միաժամանակ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշեց, որ հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգի իրականացման վրա էական ազդեցություն են ունեցել մի շարք միջազգային և տարածաշրջանային գործընթացներ, մասնավորապես, ռուս-վրացական հարաբերությունների շարունակվող սրացումը և Հայաստանին Ռուսաստանի հետ կապող ցամաքային ճանապարհների փակ լինելը, ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը, հայ-թուրքական հարաբերությունների բացակայությունը, չկարգավորված հակամարտությունները և ՎՈՒԱՄ-ի ակտիվացումը։
Օսկանյանը նաև նշել է մեր երկրի հարևան տարածաշրջաններում, մասնավորապես, Իրաքում, Լիբանանում, Աֆղանստանում, Պակիստանում տիրող քաղաքական և ռազմական անկայունության ազդեցության մասին, ինչպես նաև ահաբեկչության դեմ միջազգային շարունակվող պայքարի մասին։
Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ չնայած վերոհիշյալ գործոնների բացասական ազդեցությանը, Հայաստանին հաջողվել է հասնել իր առջև դրված խնդիրները՝ ամբողջովին կամ մասամբ չեզոքացնելով դրանց ներգործությունը։
2007թ. ձեռքբերումների թվում Օսկանյանը նշեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում գրանցված առաջընթացը, խորհրդարանական ընտրությունների հաջող իրականացումը, տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հաստատված բարեկամական հարաբերությունների պահպանումը և զարգացումը։
«2007թ.-ին շարունակվել է նաև Սփյուռքի հետ հարաբերությունների զարգացումը։ Հաջողությամբ անցկացվել են Համահայկական 4-րդ խաղերը, մեկնարկել է գյուղական զարգացման ծրագիրը, ակտիվացել է մշակութային դիվանագիտությունը»,- նկատել է նախարարը:
Նրա խոսքերով, լուրջ աշխատանք է տարվել Ֆրանսիայում Հայաստանի տարին անցկացնելու ուղղությամբ, Հայաստանի մշակույթի օրեր կազմակերպվեցին Իտալիայում և Բելառուսում, Հայաստանում կազմակերպվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։
Նախարարը հիշեցրեց, որ Հայաստանի նախաձեռնությամբ մշակվել և ընդունվել են մշակութային ժառանգության պաշտպանությունը երաշխավորող բանաձևեր, իսկ Եվրոպայի խորհրդի (ԵԽ), ԵԽ Խորհրդարանական վերաժողովի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում նախաձեռնվել են մշակութային հուշարձանների վիճակի գնահատման նպատակով այցելություններ տարածաշրջան, ինչը, սակայն, հետաձգվել է Ադրբեջանի հարուցած խոչընդոտների պատճառով:
«Արտաքին քաղաքականությունն անմասն չի մնացել երկրում ժողովրդավարության ամրապնդման գործընթացից: 2007թ. Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնք արժանացան միջազգային դիտորդների դրական գնահատականին: Սա վկայում է Հայաստանում ժողովրդավարության առաջընթացի մասին»,- նշեց նա։ --0—