Վրաստանի ընտրություներն ամբողջովին կեղծված են. հայ քաղաքագետ

09.01.2008, 16:38
Վրաստանի ընտրություներն ամբողջովին կեղծված են. հայ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./Նովոստի-Արմենիա/.Վրաստանի նախագահական ընտրություններն ամբողջովին կեղծված են, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց քաղաքագետ, «Կովկաս» վերլուծական կենտրոնի փորձագետ Սերգեյ Շաքարյանցը։

«Վրաստանի բնակչությունը բազմիցս դժգոհություն է հայտնել իշխանություններից, և պարզ է, որ երկրի բնակչության մեծ մասը չեր կարող նորից քվեարկել Սահակաշվիլիի օգտին»,-ասաց նա։

Նա նշեց նաև, որ կեղծումներից բացի իշխանություններն օգտագործել են նաև ուժային մեթոդներ, մասնավորապես, ահաբեկել են ընդդիմադիր քաղաքական գործիչներին։

«Երկրում ընտրությունների ժամանակ տիրել է սարսափի մթնոլորտը, և չեմ կարծում, որ իրավիճակը շուտ կկայունանա։ Ավելի շուտ ընդդիմությունը կմիավորվի և հացադուլից բացի ավելի ծայրահեղ միջոցների կդիմի Թբիլիսիում և այլ խոշոր քաղաքներում»,-նշեց քաղաքագետը։

Շաքարյանցի կարծքիով, քաղաքական ուժերի նման դիմակայումը կարող է երկրի քաղաքացիներն տրոհել՝ քաղաքական հողի վրա։

«Դեռևս վաղ  է խոսել հետընտրական քաղաքական գործընթացների վրա արտաքին ուժերի ազդեցության մասին, սակայն պարզ է, որ ամեն օրը նորություններ կբերի այն մասին, թե ինչպիսի ծրագրեր են կազմում Վրաստանի քաղաքական ուժերը և ինչպես են դրանք իրագործելու»,-ասաց փորձագետը։

Նա նշեց, որ ընտրությունների արդյունքները կանխատեսելի էին, և ընդդիմությունը նախապես խոսում էր այն մասին, որ իշխանությունները ամեն ինչ կանեն, որպեսզի Միխայիլ Սահակաշվիլին նորից ընտրվի։

«Կարծում եմ, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կանցնեն նույն ձևով, և կհաղթի իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, չնայած, հնարավոր է՝ ավելի քիչ ձայներով, քան հավաքեց Սահակաշվիլին»,-ասաց Շաքարյանցը։

Նա նշեց նաև, որ Հայաստանի համար ավելի մեծ նշանակություն ունի Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին հանրաքվեի, քան այդ երկրում նախագահական ընտրությունների արդյունքը։

Հունվարի 5-ին տեղի ունեցած Վրաստանի արտահերթ նախագահական ընտրություններում հաղթեց երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ հավաքելով ձայների 52,21%-ը։

Միասնական ընդդիմությունից Վրաստանի նախագահի թեկնածու Լևան Գաչեչիլաձեն, որի օգտին քվեարկել էր ընտրողների 25,6%-ը, հունվարի 9-ին, տեղի ժամանակով 14.00-ին հացադուլ է սկսել երկրի Հանրային հեռուստատեսության շենքի մոտ՝ պահանջելով անցկացնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։–0-