Միջազգային դիտորդների պահվածքը Վրաստանի նախագահական ընտրությունների ժամանակ միանգամայն անսպասելի էր. հայ քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Վրաստանի նախագահական ընտրությունների ամենաանսպասելի արդյունքը միջազգային դիտորդների պահվածքն էր, չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Դիտորդների, մասնավորապես, ԱՄՆ-ի և ԵԱՀԿ-ի դիտորդների պահվածքը վկայում է այն մասին, որ նրանց կողմից Վրաստանին աջակցությունը կախված չէ այն բանից, թե ինչ է իսկապես տեղի ունենում այդ երկրի քաղաքական իրողության մեջ»,- ասաց նա։
Իսկանդարյանի խոսքերով, Սահակաշվիլու հայտարարությունն առաջին փուլում իր հաղթանակի մասին, ինչպես նաև նրա պարտությունը երկրի խոշոր քաղաքներում և ընդդիմության վերաբերմունքը տեղի ունեցածին, միանգամայն կանխատեսելի զարգացումներ են։
«Նորություն է այն, թե ինչ արտահայտություններով են գնահատել ընտրությունները միջազգային դիտորդները»,- պարզաբանեց նա։
Քաղաքագետը նշեց, որ քաղաքական ասպեկտներն, անկասկած, ազդում են դիտորդների եզրակացությունների վրա, սակայն դրանք կոնկրետ բացատրություններ ունեն։
«Միջազգային դիտորդները և արտաքին ուժերը ձգտում են, որ Վրաստանը կայուն և կանխատեսելի երկիր լինի»,- կարծում է Իսկանդարյանը։
Իր հերթին Հայաստանի հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Արմեն Աշոտյանն ասաց, որ Վրաստանի նախագահական ընտրությունների գնահատականները, որոնք տվել են միջազգային դիտորդները, որոշակի հետաքրքրություն են ներկայացնում՝ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների առումով։
Նա կարծում է, որ Վրաստանի նախագահի թեկնածուի 50 տոկոսից քիչ բարձր ձայներով հաղթանակը իրական տարբերակ է, որն ապահովում է ընտրված թեկնածուի օրինականությունը, ինչպես նաև այն հնարավորությունը, որ Exit Poll-ի արդյունքները տարբերվելու են Կենտրոնական ընտրահանձնաժողովի հրապարակած պաշտոնական տվյալներից։
Աշոտյանն ընդգծեց, որ ուշագրավ է այն փաստը, որ նախընտրական շրջանում քաղաքական դաշտի լարվածությունն ու բարդությունները, ինչպես նաև հետընտրական զարգացումները առիթ չեղան, որպեսզի միջազգային դիտորդների գնահատականը բացասական լինի, իսկ հենց ընտրությունները Վրաստանում՝ ճանաչվեն որպես ոչ ժողովրդավարական։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լևան Թարխնիշվիլու հունվարի 9-ի հայտարարության համաձայն, հունվարի 5-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններում հաղթել է նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։ ԿԸՀ նախնական տվյալներով, Վրաստանի և արտասահմանի 3512 տեղամասերից 3482-ի ձայների հաշվարկներով, Սահակշվիլին հավաքել է ձայների 52,21 տոկոսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Միաժամանակ Սահակաշվիլու գլխավոր մրցակից, միավորված ընդդիմության առաջնորդ Լևան Գաչեչիլաձեն հավաքել է ձայների 25,6 տոկոսը։
ԵԱՀԿ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդների եզրակացություններով, Վրաստանի ընտրությունները, ընդհանուր առմամբ, ճանաչվել են միջազգային չափորոշիչներին համապատասխան։ Սակայն Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի դիտորդական առաքելությունը կարծում է, որ 2008թ. հունվարի 5-ի նախագահական ընտրությունները չեն համապաատսխանել Միջազգային ընտրական օրենսգրքի չափորոշիչներին։--0—

