Լեռնային Ղարաբաղի և Կոսովոյի հակամարտություններն ունեն նման գծեր. ՀՀ արտգործնախարար
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի և Կոսովոյի հակամարտություններն ունեն նման գծեր։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
«Յուրաքանչյուր հակամարտություն առանձնահատուկ է, սակայն որոշակի փուլում հակամարտությունների իրավական, էթնիկական գծերը միանման են լինում։ Նման ընդհանրություններ ունեն նաև ղարաբաղյան և կոսովյան հակամարտությունները»,- ասաց նախարարը։
Նրա կարծիքով, ղարաբաղյան և կոսովյան հակամարտությունների նմանատիպ ընդհանուր գծերի թվում կարելի է նշել էթնիկական զատումները և հանցագործությունները։ Օսկանյանն ավելացրեց, որ միջազգային հանրությունը Կոսովոյին ստատուս-քվո կարգավիճակը վերադարձնելու մասին առաջարկն արդաարցիորեն մերժել է՝ որպես հիմք ընդունելով հենց էթնիկական զտումներն ու հանցագործությունները։
«Եթե էթնիկական զտումները և հանցագործությունները Կոսովոյում դադարեցվել են ՆԱՏՕ-ի և միջազգային հանրության օգնությամբ, ապա Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ այդ ոտնձգությունները կանխել է Հայաստանը»,- ընգծեց Օսկանյանը։
Նախարարը նշեց, որ եթե Կոսովոյի դեպքում նախադեպը միջազգային հրապարակում ստացավ, ապա Արցախի պարագայում էթնիկ զտումներոն ու հանցագործությունները մնացին որպես տեղական խնդիր և չարժանացան համաշխարհային հանրության ուշադրությանը։
Ղարաբաղյան հակամարտության սկիզբը դրվել է 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ.-ի դեկտեմբերի 10, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

