ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը

07.01.2008, 17:24
ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահի թեկնածու, նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը։

«Նովոստի-Արմենիային» տրամադրած ծրագրում նշվում է, որ ներքին քաղաքականության ոլորտում հիմնական խնդիրներն են լիարժեք ժողովրդավարության հաստատումը, խոսքի, մամուլի, խղճի ազատության երաշխավորումը, բազմակուսակցականության և պառլամեն­տա­րիզմի վերջնական արմատավորումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտների՝ տեղական ինքնակառավարման մարմինների, արհմիությունների, ստեղծագործական միու­թյունների, ոչ կառավարական կազմակերպությունների ամրապնդումը։

Արտաքին քաղաքականության ոլորտում ծրագրում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում անհրաժեշտ է քա­ղաքական կամքի դրսևորում՝ հանդես գալով արցախահայության ինքն­որոշ­ման իրավունքի պաշտպանության և հարցի լուծման փոխզիջումային տարբերակի որոնման դիրքերից։

Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի հաջորդ իշխանու­թյունների առջև կանգնած գլխավոր մարտահրավերը արդյունաբերության զարգացման խթա­նումն ու բնակչության կենսամակարդակի որակական փո­փո­խության ապա­հովումն է։

Ծրագրում ընդգծվում է, որ այդ նպատակներին հասնելուն, մասնավորապես, կարող է խթանել շուկայական տնտեսության երեք հիմնական սկզբունքների հետևո­ղական գործադրումը, ինչը ենթադրում է՝ տնտեսվարող սուբյեկտներին հա­վասար հնարավորությունների ընձեռում, ազատ մրցակցության ապահովում և սեփականության անձեռնմխելիության երաշխավորում։

Այս հիմնախնդիրների լուծման համար, Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրի համաձայն, պետք է ստեղծվեն նաև գյուղացիական տնտեսությունների սպասարկման ենթակառուց­վածք­ներ, որոնց տակ ենթադրվում են՝ այդ տնտեսությունների ֆի­նանսավորման կազմակերպման, ագրոսպասարկման, ոռոգման, գյուղ­մթերք­ների վերամշակման և իրացման համակարգերը։

Բացի այդ, երկրին անհրաժեշտ է բանկային գործունեությանը վերաբերող օրենսդրության վերանայում, մասնավորապես, Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությունների ընդ­լայ­նում, նոր բանկերի գրանցման պահանջների մեղմացում, ներդումային հիմնադրամների, ֆոնդային բորսայի, վարկային կազմակերպությունների գոր­ծունեության խթանում։

ՀՀ նախկին նախագահի նախընտրական ծրագրում ասվում է, որ աղքատության վերացման, զբաղվա­ծու­թյան և ծնելիության խթանման համար անհրաժեշտ են, մասնավորապես, բնակչության իրական եկամուտների անշեղ աճի ապահովում՝ միջին աշխատավարձի գծով՝ տարեկան շուրջ 20, իսկ թոշակների գծով՝ շուրջ 30–40 տոկոսի չափով, պետության կողմից սոցիալական բնակարանային շինարարության լայնածավալ ծրագրի իրականացում, որի խնդիրն է երիտասարդ կամ բնա­կարանազուրկ ընտանիքներին անվարձ տրվող բնակարաններով ապահովումը։

Փաստաթղթում նշվում է նաև առողջապահության, կրթության, գիտության ոլորտներում պետական ծրագրերի դերի և տեսակարար կշռի մեծացումը, հավաստագրային և հաս­ցեագրված ֆինանսավորման համակարգերի ներդրումը, մասնավոր կապի­տալի ներգրավվածության ընդլայնումը, ապահովագրական և հիպոթեկային հիմնադրամների հնարավորությունների լիարժեք օգտագործումը, բուհական ուսման վարձերի ձևավորումը կանոնակարգող և դրանց աճը զսպող մեխանիզմների կիրառումը, Հայաստանի բուհերի օժտված ուսանողների կրթությունն արտասահմանում կազմակերպելու նպատակով պետական հատուկ հիմնադրամի ստեղծումը։

«Ամենահամեստ հաշվարկներով, Հայաստանի Հանրա­պետու­թյան սոցիալ-տնտեսական զարգացման ներկայացվող ծրագրի համաձայն նախատեսվում է՝ 2008–2012 թթ. ընթացքում կրկնապատկել երկրի համա­խառն ներքին արդյունքը, եռապատկել պետական բյուջեն ու միջին աշխա­տա­վարձը և քառապատկել միջին կենսաթոշակը։ Ինքնըստինքյան հաս­կա­նալի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, շրջա­փա­կումների վերացման և հայ-թուրքական սահմանի բացման պարագայում սպասելի են շատ ավելի տպավորիչ արդյունքներ»,- ընդգծվում է ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրում։

Նախագահական ընտրությունները Հայաստանում նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով փաստաթղթեր են ներկայացրել ինը թեկնածուներ։

ՀՀ ԿԸՀ-ի հաստատած ժամանակացույցով, նախագահի թեկնածուների գրանցումը կատարվելու է դեկտեմբերի 31-ից հունվարի 20-ը։--0—