2007 թ.-ի Հայաստանի ամենանշանակալի իրադարձությունները

2007 թ.-ի ամենանշանակալի տասը իրադարձությունները.
1. Հրանտ Դինքի սպանությունը
2007 թ.-ը սկսվեց ողբերգական իրադարձությամբ։ Հունվարի 19-ին Ստամբուլում սպանվեց հայ-թուրքական «Ակոս» (Agos) թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը (Hrant Dink)։
53-ամյա Հրանտ Դինքը լայն ճանաչում ստացավ Թուրքիայում իր սուր նյութերի, մասնավորապես, Հայոց Ցեղասպանության մասին նյութերի շնորհիվ, ինչի համար նա բազմաթիվ անգամ հետապնդվում էր իշխանությունների կողմից։
Սեփական թերթի խմբագրության մոտ լրագրողի սպանությունը լայն արձագանք գտավ ոչ միայն Հայաստանում և Թուրքիայում։ Այս հանցագործությունը դատապարտեցին եվրոպական կառույցների և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարները։
Սպանությունից մեկ օր անց ոստիկանությունը ձերբակալեց 17-ամյա Օղյուն Սամաստին և սևծովյան Տրաբզոն նահանգի տասը բնակչի՝ սպանությանը մասնակից լինելու կասկածանքով։ Առաջին իսկ հարցաքննության ժամանակ Սամաստը լիովին խոստովանեց իր հանցանքը և խոստովանագրում նշեց, որ վճռել է սպանել լրագրողին՝ նախևառաջ Հայոց Ցեղասպանությանը վերաբերող նրա հրապարակումների ազդեցության տակ։
Այժմ մեղադրյալների աթոռին 19 կասկածյալներ են։ Դինքի սպանության գործով դատական գործը տեղափոխվել է հաջորդ տարվա փետրվար։
2. Ազգային Բանակի 15-ամյակը
2007 թ.-ի հունվարի 26-ից 28-ը Հայաստանում տեղի ունեցան տոնական միջոցառումներ՝ նվիրված Ազգային Բանակի ստեղծման 15-ամյակին։ Հայոց Բանակի ստեղծման օրը 1992 թ.-ի հունվարի 28-է , այդ օրը Հայաստանի կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը և հրապարակվեց նախարարի առաջին հրամանը։
Հայոց բանակի ձևավորման առաջին փուլը 1988-1992 թ.-էին, երբ ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածության պայմաններում հրատապ դարձավ Հայաստանի և Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման հարցը։
Այս դժվարին առաքելությունն իր վրա վերցրեց կամավորական առաջին ջոկատը, սակայն ակնհայտ էր, որ սահմանների պաշտպանության և բնակչության անվտանգության ապահովման հարցերը պահանջում էին պետական մոտեցում։
1990 թ.-ի սեպտեմբերին Հայաստանի Գերագույն Խորհուրդը ՆԳՆ-ի կառույցում «Հատուկ գնդի» ստեղծման մասին որոշում ընդունեց։ Գունդը բաղկացած էր 26 վաշտից և գործում էր Երևանում ու պետության մյուս մարզերում։
1991 թ.-ի մայիսի 4-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտե։ Նմանատիպ կառույց արդեն գործում էր Լեռնային Ղարաբաղում։ Այս ամենը թեթևացրեց Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում պաշտպանական միջոցառումների համակարգումը։
3. Ազգային անվտանգության ռազմավարության հաստատումը
2007 թ.-ի փետրվարի 7-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաման ստորագրեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության հաստատման մասին։
2007 թ.-ի հունվարի 26-ին Ռազմավարությունը հավանության արժանացավ Հայաստանի նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի կողմից։
Փաստաթղթում ամրագրված են Հայաստանի ազգային անվտանգության հիմնարար արժեքները, որոնց թվում են անկախությունը, պետության և ժողովրդի պաշտպանվածությունը, խաղաղ գոյությունը և միջազգային համագործակցությունը, ինչպես նաև հայկական յուրօրինականության և բարեկեցության պահպանումը։
Ազգային անվտանգության ռազմավարության իրականացման հիմնական երաշխիքներն են պետական կառավարման համակարգի արդյունավետությունը և օրենքի գերակայության ապահովումը, ժողովրդավարական արժեքների արմատացումը, սոցիալական արդարության ապահովումը, դատական իշխանության անաչառությունը և անկախությունը, ռազմական ուժերի մարտունակությունը, անվտանգության մարմինների և իրավապահ մարմինների արդյունավետ գործունեությունը, ինչպես նաև արտաքին քաղաքականության իրականացումը, որը ապահովում է միջազգային գործընթացներին երկրի արդյունավետ ներգրավումը։
Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը ենթակա է փոփոխման՝ պետական ներքին և միջազգային իրավիճակի փոփոխության, սպառնալիքներին և մարտահրավերներին համապատասխան, ինչպես նաև փաստաթղթում նշված արժեքների իրականացմանը համապատասխան։
4. Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահը
2007 թ.-ի մարտի 25-ին հանկարծամահ եղավ Հայաստանի վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ Անդրանիկ Մարգարյանը։
Մարգարյանը Հայաստանի ժամանակակից պատմության մեջ ամենահեղինակավոր քաղաքական գործիչներից մեկն էր։ Նա իր քաղաքական գործունեությունը սկսել էր դեռևս 1965 թ.-ին։ 1968թ.-ին դարձել է Հայաստանի Ազգային միացյալ կուսակցության անդամ, որն ընդհատակյա կուսակցություն էր Խորհրդային Միությունում: 1974թ. ձերբակալվել է և դատապարտվել 2-ամյա բանտարկության` խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով: 1992թ.-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ էր, որը Հայաստանում գրանցված առաջին կուսակցությունն է։
Մարգարյանը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը 2000 թ.-ից և կարևոր դեր է խաղացել Հայաստանում ներքին քաղաքական իրավիճակի կայունացման և երկրի տնտեսական հետագա զարգացման գործում՝ 1999 թ.-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ողբերգական դեպքերից հետո։ Մարգարյանի մահից հետո կառավարության ղեկավար դարձավ Սերժ Սարգսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը։
5. Խորհրդարանական ընտրություններ
2007 թ.-ի մայիսի 12-ին Հայաստանում տեղի ունեցան Ազգային ժողովի ընտրությունները, որոնք միջազգային դիտորդների դրական գնահատականը ստացան։ Ընտրությունների արդյունքներով՝ Հայաստանի խորհրդարան անցավ հինգ կուսակցություն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Օրինաց Երկիր» կուսակցությունը և «Ժառանգություն» կուսակցությունը։
2007 թ.-ի հունիսի 6-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայրում, կառավարության ղեկավարի մասնակցությամբ, ստորագրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև քաղաքական կոալիցիայի ստեղծման մասին համաձայնագիրը։ Քաղաքական կոալիցիան իր հերթին համագործակցության համաձայնագիր կնքեց ՀՅԴ-ի հետ։
Հայաստանի նոր կառավարությունը գլխավորեց Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ, գործող վարչապետ Սերժ Սարգսյանը։
Համաձայնագրերի արդյունքում՝ ՀՀԿ-ն ստացավ նախարարական 6 պորտֆել, նախարարի երեքական պաշտոն ստացան ՀՅԴ-ն և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
6. Հոգլանդի ետ կանչումը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածությունից
Հասարակական լայն արձագանք ստացավ ևս մեկ իրադարձություն՝ օգոստոսի 4-ին Սպիտակ Տունը ետ կանչեց Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնից։
Նախագահ Բուշի կողմից ԱՄՆ Կոնգրեսի հաստատմանը ներկայացված Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը դադարացվել է հայկական լոբիի և սենատոր Ռոբերտ Մենենդեզի ջանքերով։
Պատճառն այն էր, որ Հոգլանդը չցանկացավ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունը ընդունել որպես հայ ժողովրդի նկատմամբ գործած ցեղասպանություն։ 2007 թ.-ի հունվարի 10-ին սենատոր Մենենդեզը երկրորդ անգամ արգելք դրեց նախագահ Բուշի կողմից առաջարկված դիվանագետի թեկնածությանը։
7. Հայաստանի առաջին նախագահի վերադարձը
2007 թ.-ի հոկտեմբերի 26-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց պետության նախագահի պաշտոնին իր թեկնածության առաջադրման մտադրության մասին։ Նա ասել է, որ նրա թեկնածության առաջադրման գլխավոր նպատակը նախագահ դառնալը չէ, այլ «այժմյա իշխանության վերարտադրման կանխարգելումն է»։
Տասը տարվա լռությունից հետո Տեր-Պետրոսյանի առաջին հրապարակային ելույթը տեղի ունեցավ սեպտեմբերի 21-ին՝Հայաստանի Անկախության օրվան նվիրված ընդունելության ժամանակ։
Տեր-Պետրոսյանը իր արշավը սկսեց գործող իշխանությունների հասցեին կտրուկ քննադատությամբ, որոնք իրենց հերթին նախկին նախագահին մեղադրեցին Խորհրդային Հայաստանի տնտեսության փլուզման մեջ։
1991թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նախագահական առաջին ընտրություններում հաղթեց Լևոն Տեր-Պետրոսյանը։
Հինգ տարի անց՝ 1996թ. սեպտեմբերյան ընտրություններում Լ. Տեր-Պետրոսյանը պահպանեց նախագահի աթոռը, թեև ընդդիմությունը և մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ընտրությունների արդյունքները կեղծված համարեցին։ 1998թ. փետրվարի 3-ին Տեր-Պետրոսյանը, իշխանական վերնախավում ղարաբաղյան հիմնահարցի լուծման վերաբերյալ առաջացած տարաձայնությունների պատճառով, հայտարարեց իր լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին և հրաժարական տվեց։ Այս ամենից հետո Տեր-Պետրոսյանը փորձում էր մի կողմում մնալ պետության ներքին և արտաքին քաղաքական զարգացման հրապարակային գնահատականներից։
8. ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի կողմից Հայոց Ցեղասպանության բանաձևի հաստատումը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն անտեսելով ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի դիտողությունները 2007 թ.-ի հոկտեմբերի 10-ին ընդունեց 106-րդ բանաձևը՝ կոչ անելով ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ արտացոլել թուրքերի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության փաստը։
Հայոց Ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ 2007 թ.-ի հունվարի 30-ին։ Այդ բանաձևը կոչվում է «Պալատի Բանաձև» (House resolution), և նրա ընդունման համար պարտադիր չէ Սենատի հավանությունը և երկրի նախագահի ստորագրությունը։
Կոնգրեսի կողմից բանաձևի ընդունումը ձգձգվում է։ Մասնավորապես, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին կասկած է հայտնել 106-րդ բանաձևի քվեարկության դրական ընթացքի կապակցությամբ այն պատճառով, որ պալատի մոտավորապես 20 անդամ մերժել է բանաձևի ճանաչումը, քանի որ նրա ընդունումը կարող է լրջորեն վնասել ամերիկաթուրքական հարաբերությունները։
9. Հայաստանի նախագահի պաշտոնին Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրումը։ Նախընտրական արշավի առաջին փուլը
2007 թ.-ի նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Խորհուրդը առաջադրեց վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը 2008 թ.-ի փետրվարի 19-ին կայանալիք Հայաստանի նախագահական ընտրություններին։ Կուսակցությունը նման որոշում ընդունեց՝ հաշվի առնելով հայրենիքի նկատմամբ Սարգսյանի ունեցած վաստակը և պատասխանատու պաշտոններում նրա արդյունավետ աշխատանքը։
Սերժ Սարգսյանը նախընտրական արշավի գլխավոր ֆավորիտն է, ինչի մասին վկայում են միջազգային կազմակերպությունների կողմից անցկացված հարցումները։ Վարչապետի թեկնածությունը սատարում են հայկական բազմաթիվ կազմակերպություններ, քաղաքական կուսակցություններ, ազգային համայնքներ։
Բացի վարչապետից՝ կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու են նախկին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը։
10. Ռազմական դոկտրին
2007 թ.-ի դեկտեմբերի 26-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաստատեց Հայաստանի Ռազմական դոկտրինը։ Նախագիծն անցավ հասարակական լայն քննարկում, խորհրդարանական լսումներ, ինչպես նաև քննարկվեց Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։
Փաստաթղթի համաձայն՝ միջազգային ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության առաջնահերթ ուղղություններն են Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական համագործակցությունը և ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ի ծրագրերում, որի մեջ մտնում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղստանը և Տաջիկստանը։
Այս ամենի հետ մեկտեղ, առաջնահերություններից է նաև երկկողմ ռազմական համագործակցությոնը, այդ թվում նաև ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաև այն երկրների հետ, որոնց քաղաքականությունը չի հակասում Հայաստանի ազգային անվտանգության հիմնարար արժեքներին։
Հայաստանը ելնում է ռազմական անվտանգության բազմակողմանի ապահովման նկատառումներից, ռազմաքաղաքական դիրքորոշումների ամրապնդումից, տարածաշրջանում ռազմաքաղաքական բլոկերի, միջազգային փորձի օգտագործման և Զինված ուժերի արդիականացման աջակցության միջև հարաբերական հավասարակշռության պահպանումից։
Հայաստանի ռազմական դոկտրինն ունի պաշտպանական բնույթ։ Բայց անմիջական ռազմական հարձակման սպառնալիքի դեպքում Հայաստանն իրեն իրավունք է վերապահում՝ միջոցառումներ ձեռնարկել այդ սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ, ինչպես նաև դիմել իր դաշնակիցներին և գործընկերներին՝ համապատասխան օգնություն ստանալու նպատակով։
Ռազմական դոկտրինը տեսականորեն հիմնավորված պաշտոնական դիրքորոշումների հայեցակարգ է, որը վերաբերում է Հայաստանի առջև ծառացած ռազմական սպառնալիքներին և դրանց չեզոքացմանը, պետության պաշտպանության, Զինված ուժերի կառուցվածքին, խնդիրներին, նպատակներին և գործունեության կազմակերպմանը։
Ռազմական դոկտրինի հիմնական իմաստը պետության անվտանգության սպառնալիքների որոշումն է և դրանց կասեցումը։ Բայց դոկտրինը միայն դրանով չի սահմանափակվում։ Դա ծավալուն փաստաթուղթ է, որի մեջ ընդհանուր գծերով ուղենշված են պետության ռազմական անվտանգության համակարգի, Զինված ուժերի և պաշտպանության կազմակերպման բոլոր ուղղությունները։
Ռազմական դոկտրինն ուղենիշ է բոլոր պետական կառույցների համար, որոնք պատասխանատու են ռազմական անվտանգության համակարգի համար, և ապահովում է դրանց միասնական ռազմավարությունը երկրի պաշտպանության գործում։
Դոկտրինի նախագծի մշակման ժամանակ մանրակրկիտ ուսումնասիրվել են միջազգային փորձը և տարբեր երկրների նմանատիպ փաստաթղթերը։
Սակայն Հայաստանը իր առջև նպատակ չի դրել ընդօրինակել որևի երկրի մոդելը, այլ օգտագործել է առավել արդյունավետ մոտեցումներն ու մեթոդները՝ փորձելով ստեղծել այնպիսի փաստաթուղթ, որն առավելագույնս կհամապատասխանի պետության պահանջներին և առանձնահատկություններին՝ միաժամանակ հասկանալի լինելով միջազգային հանրության համար։-0-