Արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը իրեն երջանիկ Նոր Տարի ցանկացավ
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դավիթ Նալբանդյանը հուսով է, որ հաջորդ տարին իր համար ավելի հաջողակ կլինի, քան անցնողը, հաղորդում է արգենտինական Fue Buena պարբերականը։
Նոր խաղաշրջանում արգենտինացի թենիսիստը Մեծ սաղավարտ մրցախաղում հաղթելու մեծ ցանկություն ունի։ Նրան այդպիսի հնարավորություն կընձեռնվի արդեն հունվարին, երբ Մելբուրնում տեղի կունենա Ավստրալիայի բաց առաջնությունը (հունվարի 14-28)։ Բացի այդ, նա նպատակադրվել է մասնակցել նաև մի շարք այլ առաջնությունների։
«Ես կցանկանայի գրավել չեմպիոնի կոչումը Մեծ սաղավարտ մրցախաղում, տանել Պեկինի Օլիմպիադայի ոսկե մեդալը և Արգենտինայի հավաքականի հետ հաղթել Դևիսի գավաթի խաղերում»,- հայտարարեց Նալբանդյանը, որը 2008թ. հունվարի 1-ին դառնալու է 26 տարեկան։
Խաղաշրջան-2007-ը արգենտինացի թենիսիստը սկսել է՝ լինելով աշխարհի ութերորդ ռակետը, սակայն հունիսին տեղի ունեցած ոչ այնքան փայլուն ելույթները համաշխարհային վարկանիշում նրան իջեցրին 26-րդ տեղը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Իսկ տարվա եզրափակիչ մասը նա գերազանց անցկացրեց՝ հաղթելով «Մաստերս» սերիայի մրցախաղերում՝ Փարիզում և Մադրիդում։ Միաժամանակ թե մեկ և թե մյուս մրցախաղում նա վստահ հաղթեց աշխարհի առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերին։ Որպես արդյունք, Նալբանդյանը 2007թ. եզրափակեց 9-րդ տեղով։--0—

