Հայաստանի քաղաքացիների մեծ մասը ծանոթ է Ամանորը դիմավորելու ծիսակարգին. ազգագրագետ

Հայաստանի գրեթե ողջ բնակչությունը ծանոթ է Ամանորը դիմավորելու՝ պատմականորեն ձևավորված ծիսական կանոններին և կարգին։
Ինչպես ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի կառավարությանն առընթեր ազգային փոքրամասնությունների վարչության պետ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, այդ մասին են վկայում վերջերս անցկացված հարցման արդյունքները։
«Մեր քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը սկզբունքորեն պահպանում է Ամանորը տոնելու մոդելները, որոնց արմատները հասնում են դեռևս հայկական պետականության գոյության մինչքրիստոնեական շրջան»,-ասաց նա։
Խառատյանը նշեց, որ ազգային ցանկացած ավանդույթ չի կարող մեկուսանալ օտար մշակույթների և ծեսերի ազդեցությունից։
«Եվ Ամանորը դիմավորելու ժամանակակից հայկական ծեսերը բացառություն չեն, դրանց մեջ միահյուսվել են պատմականորեն տարածաշրջանում ներկա գտնված շատ մշակույթների և ազգերի մոդելները»,-պարզաբանեց նա։
Այս կապակցությամբ նա նշեց, որ նվեր տալու ավանդույթն արտահայտում է նվիրատուի լավ վերաբերմունքը այն անձի նկատմամբ, ում տալիս է նվերը։
«Ընդհանուր առմամբ Նոր Տարվա օրերին միշտ ընդունված է եղել տուն և ընտանիք մտնել ոչ դատարկ ձեռքերով, ինչը խորհրդանշում է այդ տուն հաջողության և առատության գալը»,-ընգծեց Խառատյանը՝ հավելելով, որ նվեր տալ պետք է անպայման բարի մտադրություններով և բաց հոգով, «այլապես նվերը կկորցնի իր իմաստը»։
Բացի այդ, Ամանորին Հայաստանում ընդունված է շնորհավորել անգամ անշունչ առարկաներին։
«Հնուց ի վեր Հայաստանում ընդունված էր Ամանորի կիսգիշերին մի բուռ ցորենի հատիկներ գցել հոսող ջրի մեջ, ինչը յուրահատուկ զոհաբերության բնույթ ունի»,-ասաց ազգագրագետը։
Իր հերթին նկարչուհի Լուսիկ Ագուլեցին պարզաբանեց, որ Նոր Տարին՝ Սուրբ Ծննդի և Մկրտության տոների հետ միասին երեք հիմնական հեթանոսական տոների շարքում է, որոնք հայերը հնուց տոնում են հունվարի 1-12-ը։
«Հունվարի 1-ից երկնակամարում հայտնվում է Վեներան, ինչը խորհրդանշում է Նոր Տարվա սկիզբը, որը պետք է դիմավորել ուրախ և բոլոր 12 տոնական օրերի ընթացքում լինել ուրախության և զվարճության մեջ»,-ասաց նա։
Ագուլեցու խոսքերով, հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառը, ընդ որում զարդերը եղել են բնության պարգևներ և բացարձակապես՝ բնական։
«Նոր Տարվա ծառը կարելի է զարդարել խնձորով, որը խորհրդանշում է պտղաբերություն, ցորենի հասկերով՝ ի նշան առատության, ինչպես նաև լոբու պատիճներով, որոնք ավանդաբար խորհրդանշում են ընտանիքի ամրությունը»,-պարզաբանեց նա։
Նկարչուհին հավելեց, որ հին ազգային ավանդույթների ճիշտ ընկալումն ու կիրառումը կարող է յուրաքանչյուր տուն առողջություն, հաջողություն, սեր և առատություն բերել ամեն Նոր Տարի։--0--