Հայաստանի Գլխավոր հյուպատոսության նոր շենքը կկառուցվի Դոնի Ռոստովում
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանի հանրապետության Գլխավոր հյուպատոսության ապագա շենքի հիմնաքարի տեղադրման արարողությունը տեղի է ունեցել չորեքշաբթի Դոնի Ռոստովում, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»։
Հյուպատոսության վեցհարկանի շենքը կտեղակայվի Տոլստոյի հրապարակի տարածքում՝ Երևանի փողոցի վրա՝ «Կրասնի Ակսայ» մշակույթի տան հարևանությամբ։
«Հայաստանի Գլխավոր հյուպատոսության աշխատանքը Դոնի Ռոստովում շատ հաջող է ընթանում՝ սկսած 2004թ.-ից, և քարը, որը մենք այսօր տեղադրեցինք Գլխավոր հյուպատոսության ապագա շենքի հիմքում, խորհրդանշում է մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդումը»,-ասել է Ռոստովի երկրամասի ղեկավարի տեղակալ Յուրի Անդրիադին։
Նա պատմել է, որ այսօր Ռոստովի երկրամասում բնակվում է ավելի քան 100 ազգություն, որոնց թվում հայկական համայնքն առաջատար տեղերից մեկն է զբաղեցնում։ «Այդ մարդիկ այսօր ապրում, աշխատում են համերաշխ ընտանիքում՝ խաղաղության և համաձայնության մթնոլորտում, շատ բան են անում երկրամասի տնտեսության, արվեստի, բժշկության, սպորտի զարգացման համար»,-նշել է Անդրիանին։
Իր հերթին Ռոստովի հայկական համայնքի նախագահ Հարություն Սուրմալյանը պատմել է, որ Գլխավոր հյուպատոսության նոր վեցհարկանի շենքի առաջին և երկրորդ հարկերը կզբաղեցնի հյուպատոսարանի աշխատակազմը, հաջորդ երկու հարկերը՝ հայկական համայնքը, իսկ վերջին երկուսը՝ խորհրդակցությունների դահլիճն ու գրադարանը։
«Շուրջ 300 քմ տարածքում կտեղակայվեն ընթերցասրահն ու գրադարանը, որտեղ ներկայացված կլինեն հայ հեղինակների գրքերը՝ ռուսերենով»,-ճշգրտել է Սուրմալյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր ցանկացող կկարողանա անվճար այցելել գրադարան։
Դոնի Ռոստովում Հայաստանի հանրապետության Գլխավոր հյուպատոսարանի շենքի ընդհանուր մակերեսը կկազմի 1,4 հազ. քմ։ Շինարարության արժեքը 35 միլիոն ռուբլի է։–0--