Հայաստանի ԱԱԾ-ն հերքում է Տեր-Պետրոսյանի կողմնակիցների վրա ճնշումներ գործադրելու մասին հաղորդագրությունը
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հերքում է Լևոն Տեր-Պետրոսյանին՝ որպես նախագահի թեկնածու առաջադրման քաղաքացիական նախաձեռնության գրասենյակի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե նրա կողմնակիցների վրա իրավապահ մարմինները, այդ թվում՝ ԱԱԾ աշխատակիցները, ճնշումներ են գործադրում։
ՀՀ ԱԱԾ-ն պաշտոնապես հայտարարում է, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ ԱԱԾ-ն ապաքաղաքական կառույց է, ինչի մասին մեկ անգամ ևս հստակ նշել է ՀՀ ԱԱԾ պետը՝ ս.թ. դեկտեմբերի 18-ին ԶԼՄ-ներին տված հարցազրույցում»,- ասվում է չորեքշաբթի ԱԱԾ լրատվական ծառայության տարածած հայտարարությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Փաստաթղթում նշվում է, որ ՀՀ ԱԱԾ-ն գործում է ՀՀ օրենքով սահմանված իր իրավասությունների շրջանակներում և անվտանգության մարմիններին ներքաղաքական պայքարի մեջ ներքաշելու բոլոր ջանքերն ապարդյուն են:
Նախօրեին ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որի թեկնածությանը նախագահի պաշտոնում աջակցում ՀՀ նախկին իշխող՝ ՀՀՇ կուսակցությունը, կոչ է արել քաղաքացիների՝ ներկայանալ ոստիկանություն և ԱԱԾ միայն գրավոր ծանուցում ստանալուց հետո։ Անկախ Հայաստանի առաջին նախագահի կոչում նշվում էր, որ մոտավորապես երկու ամիսների ընթացքում Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին բանավոր կամ հեռախոսային զանգերով կանչում են ոստիկանություն կամ անվտանգության ծառայություն, որտեղ նրանց ենթարկում են հոգեբանական ճնշման, որպեսզի նրանք հրաժարվեն ընտրություններին աջակցել նախկին նախագահին։
«Այս գործողություններով իրավապահ մարմինները կոպիտ կերպով ոտնահարում են Ընտրական օրենսգիրքը։ Բացի այդ, այդ գործողություններն իրենց մեջ ներառում են Քրեական օրենսգրքի ակնհայտ խախտման տարրեր»,- ասվում է կոչի մեջ։
Նախագահական ընտրությունները Հայաստանում նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։
ՀՀ ԿԸՀ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաղթերը ներկայացրել է ինը մարդ։ Նախագահի հիմնական թեկնածուները, բացի Տեր-Պետրոսյանից նաև ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն է, նախկին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։ --0—