Հայաստանը պետք է նրբանկատություն ցուցաբերի տարածաշրջանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերի նկատմամբ. Վ. Օսկանյան

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կարծում է, որ Հայաստանը պետք է նրբանկատություն ցուցաբերի տարածաշրջանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության շահերի նկատմամբ։
«Տարածաշրջանում սեփական շահերը հետապնդելով ՝ մենք պետք է նրբանկատություն ցուցաբերենք նաև մեզ համար կարևորագույն նշանակություն ունեցող երկրների և ուժերի շահերի նկատմամբ՝ այսինքն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության և մեր հարևանների նկատմամբ», - ասել է Վ. Օսկանյանը։
Նրա խոսքերով, նրբանկատություն ցուցաբերել չի նշանակում հնազանդվել , «սակայն առանց դրա յուրաքանչյուր քայլ կարող է մեզ հարվածել բումերանգի նման»։
Օսկանյանը ընդգծել է, որ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում բավականին բարդ է և ամբողջական տեղեկատվություն չունեցողներին հեշտ է դեմագոգիայով զբաղվել։
Մասնավորապես, նա նշել է, որ առաջարկություններ են արվում ամեն գնով լուծել ղարաբաղյան հարցը՝ հանուն Թուրքիայի հետ սահմանների բացման։ «Չգիտեմ, թե արդյոք կբացի Թուրքիան սահմանները՝ ղարաբաղյան խնդրի նման լուծման դեպքում, այնտեղ մեծ հարցեր կան», - ասել է նա։
Նրա խոսքերով, Հայաստանը պետք է ղեկավարվի իր ազգային շահերով և ճիշտ շեշտադրումներ անի կոմպլեմենտար քաղաքականության արդյունավետ իրականացման համար՝ հաշվի առնելով մի շարք հիմնարար սկզբունքներ։
«Առաջին սկզբունքն այն է, որ ազգային շահերը անբաժանելի են, և չկա նեղ ազգային շահ՝ մեկ ուղղությամբ, այլ կա մեկ մեծ ընդհանուր ազգային շահ, և երբ մենք անում ենք փոքր քայլ՝ ստանալով շահաբաժիններ, ապա պետք է հաշվարկենք, թե այդ փոքր շահաբաժինը ի՞նչ կտա ընդհանուր պատկերում», - ասել է Վ. Օսկանյանը։
Բացի դրանից, նրա խոսքերով, արտաքին քաղաքականության արդյունքները անհրաժեշտ է գնահատել երկարաժամկետ հեռանկարում։-0-