Վ. Օսկանյանը կարևորում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման այժմյա բանակցային գործընթացի շարունակությունը՝ Հայաստանի նախագահական ընտրություններից հետո

26.12.2007, 11:32
Վ. Օսկանյանը կարևորում  է ղարաբաղյան հակամարտության կարգավորման այժմյա բանակցային գործընթացի շարունակությունը՝ Հայաստանի նախագահական ընտրություններից հետո

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կարծում է, որ անհրաժեշտ է ամեն գնով ապահովել ղարաբաղյան հակամարտության կարգավորման այժմյա բանակցային գործընթացի շարունակությունը՝ Հայաստանում 2008 թ.-ի փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո ևս։

 «Այն պատճառներից մեկը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շտապում են և ցանկանում են գոնե բանավոր համաձայնության հասնել՝ բանակցություններին քննարկվող փաստաթղթի շուրջ այն է, որ բանակցային գործընթացում կարող են փոխվել գործող անձինք», - ասել է Վ. Օսկանյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքերով, հաջորդ նախագահը իրավունք կունենա հայտարարել, որ չի ընդունում այս փաստաթուղթ, և «համանախագահները ձգտում են, որպեսզի նոր անձանց դժվար լինի փաստաթղթից ետ կանգնել»։

«Գոյություն ունի նաև մեկ այլ հնարավորություն՝ կարող են փոխվել իրենք՝ համանախագահները, և դրա նշանները արդեն կան։ Այնպես որ, բոլորի համար լավ կլիներ, եթե այս փաստաթուղթը որոշ աստիճանով ամրագրվեր, և բոլորը կիմանային որոշակի հիմքի գոյության մասին՝ բանակցությունների հետագա շարունակության համար», - ասել է Վ. Օսկանյանը։

Նա ցանկալի է համարում այժմյա գործընթացի շարունակության ապահովումը։ «Ես համոզված եմ, որ այդպես էլ կլինի, քանի որ ստեղծվել է բավականին լավ բազա։ Դիվանագիտական տեսակետից մեր դիրքորոշումները բավականին ամուր են և անհրաժեշտ է շարունակել հակամարտության կարգավորման գործընթացն այս հիմքի վրա։ Եթե մենք մի կողմ դնենք այն, ինչ այսօր գոյություն ունի բանակցությունների սեղանի վրա և փորձենք սկսել զրոյից, ապա Ադրբեջանին նոր հնարավորություններ կտանք», - ընդգծել է Վ. Օսկանյանը։

Նրա խոսքերով, չի կարելի դա թույլ տալ։ «Միջազգային հանրությունը՝ ինքը դա թույլ չի տա, քանի որ մեծ ջանքեր են ներդրվել, երկու տարի է այս փաստաթղթի շուրջ բանակցություններ են ընթանում», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Նրա խոսքերով, հայկական կողմը բանակցություններում ավելի վաղ չէր հասել նման առաջընթացի, քանի որ Ադրբեջանը մերժում էր խոսել Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի մասին՝ առաջնային համարելով տարածքների ետ բերումն ու փախստականների խնդիրը։

«Այս տեսակետից՝ սառույցը տեղից շարժվել է։ Այսօր կարևոր է Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը, մնացած ամեն ինչ դրա հետ է կապված։ Այնպես որ, դա ճշմարիտ հիմք է՝ գործընթացի շարունակության համար, և եթե մենք դրանից շեղվենք, ապա կտուժի ինքը՝ գործընթացը։ Համանախագահները և միջազգային շրջանակները դա լավ հասկանում են», - ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։-0-