«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունն իր ժամանակին կկողմնորոշվի, թե նախագահի որ թեկնածուին է աջակցելու
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունն իր ժամանակին կկողմնորոշվի, թե նախագահի որ թեկնածուին է աջակցելու։ Այս մասին երեքշաբթի խորհրդարանում մամուլի ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը։
«Մենք մեզ հետաքրքրող 22 հարցերից բաղկացած ցանկ ենք ուղարկել բոլոր թեկնածուներին, սակայն մի քանիսը հրաժարվել են պատասխանել, իսկ մյուսներից դեռ պատասխան ենք սպասում։ Կուսակցությունը դեռևս չի կողմնորոշվել, սակայն իր ժամանակին կընդունի համապաատսխան որոշում»,- ասաց Ստեփանյանը։
Նրա խոսքերով, «Ժառանգությունը» չկարողացավ առաջադրել իր թեկնածուին, ինչի կապակցությամբ կուսակցության Խորհուրդը լիազորել է վարչությանը՝ նախաձեռնել նախագահի բոլոր թեկնածուների ծրագրերի և մոտեցումների ուսումնասիրության գործընթաց։
Միաժամանակ Սաֆարյանը տեղեկացրեց, որ «Գելապ» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տվյալներով, «Ժառանգություն» կուսակցությունն ունի ամենաբարձր վարկանիշը՝ 63 տոկոս, իսկ նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, թեև նախագահի թեկնածու չէ, սակայն զբաղեցնում է հարցման երկրորդ տեղը։
Նա նշեց, որ խոսքը գնում է միավորված դիրքորոշման մասին, քանի որ կուսակցության անդամներն ունեն իրենց նախընտրությունները։
Կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողացավ առաջադրել իր թեկնածությունը նախագահի պաշտոնում, քանի որ չի բավարարում Հայաստանում 10 տարվա քաղաքացիություն ունենալու պահանջը։
ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի նորմերի համաձայն, հանրապետության նախագահ կարող է ընտրվել յուրաքանչյուր անձ, որը երեսուն և ավելի տարեկան է, վերջին տասը տարիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, վերջին տասը տարիներին մշտապես բնակվել է ՀՀ-ում և ունի ընտրելու իրավունք։
Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ ՀՀ ԿԸՀ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաղթերը ներկայացրել են՝ ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը։ --0—