Երևանում տեղի կունենա «Դարձիր նախագահ» համակարգչային խաղի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Դարձիր նախագահ» համակարգչային խաղի շնորհանդեսը տեղի կունենա հինգշաբթի՝ դեկտեմբերի 27-ին Երևանում։
«Խաղը մշակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան իրականացրած «Խաղանք ժողովրդավարություն, դարձնենք իրականություն» ծրագրի շրջանակներում»,-երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ծրագրի համակարգող Արմեն Օհանյանը։
Նրա խոսքերով, «Դարձիր նախագահը» իր տեսակի մեջ առաջին հայերեն համակարգչային կրթական խաղն է, որը մշակվել է Հայաստանի մասնագետների կողմից։
«Խաղի նպատակն է՝ պատանիներին ծանոթացնել նախընտրական արշավի անցկացման ժողովրդավարական սկզբունքներին և հասարակական գիտելիքներին։ Այն հետաքրքիր կլինի մեծ լսարանի համար, քանի որ յուրաքանչյուր խաղացող կարող է վիրտուալ աշխարհում դառնալ նախագահի թեկնածու և նույնիսկ նախագահ», - նշել է Օհանյանը։
Շնորհանդեսի ընթացքում հյուրերը կարող են շփվել «Դարձիր նախագահ» խաղի գործող անձանց հետ, որոնց կմարմնավորեն Theatre for Changes թատրոնի դերասանները։
Խաղի սկավառակները տարածվելու են անվճար։ «Դարձիր նախագահ» խաղը կարելի է նաև անվճար քաշել www.becomepresident.am. կայքից։-0-