Հայաստանը խաղաղարար համակազմը դուրս չի բերի Իրաքից. պատգամավոր

24.12.2007, 12:32
Հայաստանը խաղաղարար համակազմը դուրս չի բերի Իրաքից. պատգամավոր
Հայաստանը խաղաղարար համակազմը դուրս չի բերի Իրաքից. պատգամավոր

Չնայած Լեհաստանի որոշմանը՝ Հայաստանը դժվար թե իր խաղաղարար համակազմը դուրս բերի Իրաքից, «Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց  պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը։

«Հայաստանը խաղաղարար առաքելություն է իրականացնում Իրաքում ոչ թե հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում, այլ հայ-ամերիկյան ռազմական համագործակցության շրջանակներում», - ասաց նա։

Նա նշեց, որ Հայաստանը մեկ տարով երկարացրել է Իրաքում հայկական համակազմի մնալու ժամկետը, սակայն յուրաքանչյուր ժամանակ կարող է վերանայել որոշումը, և դրա մեջ խնդիր չկա։

«Խնդիրն այլ է, որ եթե Հայաստանը հայտարարում է խաղաղարարների առաքելության երկարացման մասին, ապա ԶՈՒ Գլխավոր շտաբը նշում է դա միջոցառումների երկարաժամկետ պլանում։ Չեմ տեսնում վտանգ այն փաստի մեջ, որ Լեհաստանը այժմ կամ մեկ տարի անց կհանի իր զորքը, քանի որ եթե Հայաստանը որոշել է, ապա նա կվերանայի միայն մասնակցության ձևաչափը», - ավելացրեց նա։

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ Հայաստանը կարող է հաշվի առնել Լեհաստանի հայտարարությունը՝ իր առաքելության ժամկետները որոշելու համար, սակայն պետք է վերանայել լեհական դիվիզիայի դերը՝ բազմազգ դիվիզիայի համատեքստում։

«Չեմ կարծում, որ բազմազգ դիվիզիան կցրվի Լեհաստանի դուրս գալուց հետո, սակայն անշուշտ ղեկավարության հիերարխիայում կարող են տեղի ունենալ տեղաշարժեր», - ասաց նա։

Աղաբեկյանի խոսքերով, բազմազգ դիվիզիայում յուրաքանչուր երկիր՝ ղեկավարող օղակից մինչև շարքայինը իր դերն ունի, մասնավորապես Հայաստանին բազմազգ դիվիզիայի շտաբում ներկայացնում է սպաներ՝ իր կոնկրետ առաքելությամբ։

Լեհաստանի կառավարությունը դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած նիստի ժամանակ որոշում է ընդունել 2008 թ.-ին դուրս հանել լեհական ռազմական համակազմը Իրաքից։ Նախարարների կաբինետը Լեհաստանի նախագահի հաստատմանն է ուղղել Իրաքում մինչև 2008 թ.-ի հոկտեմբերի 31-ը լեհական ռազմական առաքելության երկարացման և երկրից զորքի հանման մասին առաջարկությունը։

Հայաստանի Ազգային ժողովը  դեկտեմբերի 4-ին վավերացրել է «Իրաքի կոալիցիոն ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի գործունեության հարցերի ղեկավարման և ուղղորդման մասին» հուշագրին միանալու ժամկետի երկարացման մասին նախագահի առաջարկությունը։

Վեց ռոտացիաների շրջանակներում 2005 թ.-ից Իրաք է ուղարկվել 276 հայ զինծառայող։

2004 թ.-ի հուլիսի 9-ին Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել «Իրաքի կոալիցիոն ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի գործունեության հարցերի ղեկավարման և ուղղորդման մասին» հուշագրին միանալու առաջարկությունը։ Դրանից հետո, կառավարության խնդրանքով խորհրդարանը երկու անգամ երկարացրել է հուշագիրը։

Հայ զինծառայողները հունական գումարտակի կազմում մասնակցում են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը 2004թ.-ի փետրվարի 12-ից, իսկ Իրաքում լեհական դիվիզիայի կազմում՝ 2005թ.-ի հունվարի 25-ից։ Այժմ Իրաքում է գտնվում հայ խաղարարարների համակազմի վեցերրոդր հերթափոխը։ Նրա կազմում 46 մարդ է, այդ թվում՝ երկու շտաբային սպա, 10 մարդուց բաղկացած սակրավորների ստորաբաժանում և տրանսպորտային դասակ (31 վարորդ)։-0-