«ԱԼՌՈՍԱ»-ն հեռանկարային է համարում հայկական ակնագործական ձեռնարկությունների հետ համագործակցությունը
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսական ալմաստ արտահանող «ԱԼՌՈՍԱ» ընկերությունը հեռանկարային է համարում հայկական ակնագործական ձեռնարկությունների հետ համագործակցությունը, ուրաբթ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է «ԱԼՌՈՍԱ»-յի նախագահ Սերգեյ Վիբորնովը։
Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վիբորնովը նշել է, որ «ԱԼՌՈՍԱ»-ն արդեն հստակ պատկերացում ունի այս ոլորտում գործող հայկական ձեռնարկությունների մասին և փոխգործակցության լավ հեռանկարներ է տեսնում։
Ռուսական ընկերության նախագահը տեղեկացրել է, որ «ԱԼՌՈՍԱ»-ԲԲԸ-ի փորձագետներից և ոլորտի ռուսական առաջատար ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբն այս ընթացքում համապատասխան պայմանագրերի նախապատրաստման և ստորագրման նպատակով, արդեն իսկ ուսումնասիրել է հայկական ադամանդագործական ձեռնարկությունների հնարավորությունները, այդ թվում` տեխնոլոգիական զինվածությունը, թողարկված արտադրանքի որակական ցուցանիշները և այլն:
Վիբորնովը ՀՀ վարչապետին ներկայացրել է աշխատանքների ընթացքը` ակնագործության և ոսկեգործության բնագավառում հայ-ռուսական համագործակցության վերահաստատման նպատակով այս տարվա օգոստոսին ՀՀ կառավարության հետ «ԱԼՌՈՍԱ»-ի համագործակցության պայմանագրի կնքումից հետո: Պայմանագրով նախատեսված է վերոնշյալ ընկերության կողմից վերամշակման նպատակով հումքի մատակարարում հայկական ընկերություններին` դրանք այնուհետ «ԱԼՌՈՍԱ»-ի հանձնարարությամբ ռուսական կամ հայկական ոսկերչական ընկերություններին վաճառելու համար:
2007թ. օգոստոսի 6-ին Երևանում ստորագրվել է պայմանագիր Հայաստանի կառավարության և Ռուսաստանի «Ալռոսա» ալմաստ արտահանող ընկերության միջև ադամանդամշակման և ակնագործության ոլորտներում համագործակցելու վերաբերյալ։ Համաձայնագրով նախատեսվում է Հայաստան ներմուծել ռուսական ալմաստի հումք՝ մշակման և արտահանման նպատակով։
Ըստ համաձայնագրի հայկական ձեռնարկությունները մշակելու են 0,30-ից 1,5 կարատ ալմաստի հումքը, որոնք տնտեսապես նպատակահարմար չէ մշակել Ռուսաստանում։ --0—

