Թուրքիայի մուտքը Եվրամիություն կփակի ԵՄ դռները Հայաստանի առջև. կարծիք
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի մուտքը Եվրամիություն Հայաստանի առջև կփակի միջազգային այդ կազմակերպության դռները։ Ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ այս կարծիքն արտահայտեց «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ քաղաքական հարցերով տնօրեն Կիրո Մանոյանը։
«Թուրքիայի՝ ներկա վիճակով, մուտքը ԵՄ Հայաստանի առջև կփակի ուղին դեպի Եվրամիություն, քանի որ այսօր Թուրքիան ամեն տեսակի խոչընդոտներ է ստեղծում Հայաստանի համար, փորձում է մեր երկրին զրկել միջազգային կազմակերպություններին անդամակցության և միջազգային համաձայնագրերին միանալու հնարավորությունից»,- ասաց Մանոյանն՝ ավելացնելով, որ նման հանգամանքներում Թուրքիան պարզապես կօգտագործի Եվրամիությանը՝ իր սեփական շահերի համար։
Դրա հետ մեկտեղ նա ընդգծեց, որ Թուրքիան պետք է փոխվի մինչև ԵՄ մտնելը, հակառակ դեպքում անդամություն ստանալուց հետո Թուրքիայում որևէ փոփոխություն ակնկալելը «չարդարացված լավատեսություն» կլինի։
«ՀՅԴ-ն, որպես կուսակցություն, որը 20-րդ դարի սկզբին հավատաց Թուրքիայի բարեփոխումներին և սխալվեց, չափազանց զգուշորեն է մոտենում ներկայումս այս երկրում տեղի ունեցող փոփոխություններին։ Մենք մտահոգված ենք նաև Թուրքիայի՝ ԵՄ մտնելով, քանի որ քաղաքական հաշվարկներից ելնելով՝ երկիրը կարող է ընդգրկվել կազմակերպության մեջ՝ առանց իր պարտավորությունները կատարելու»,- նկատեց նա։
Մանոյանի խոսքերով, այն փաստը, որ անդամակցության շուրջ Թուրքիայի հետ Եվրամիության բանակցությունները սկսվել են առանց ԵՄ բոլոր անդամների հավանության, արդեն հանգեցնում է այն մտքին, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից առկա են քաղաքական հաշվարկներ։ Նա չբացառեց, որ այդ նույն քաղաքական հաշվարկներից ելնելով՝ Թուրքիան կընդունվի ԵՄ, սակայն այդ դասավորվածության դեպքում երկրում բարեփոխումներ չեն կատարվի։
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակվել է 1993թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։
Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար երեք նախապայման է առաջադրում՝ ղարաբաղյան հակամարտության լուծում Ադրբեջանի օգտին, Հայաստանի կողմից Թուրքիայի հետ գործող սահմանների ճանաչում և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարում։--0—

